Սյունիքի պարեկները՝ ծառայության առավելությունների ու մարտահրավերների, ինչպես նաև ընդունելության կարգի մասին․ հանդիպում ուսանողների հետ
Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողները դեկտեմբերի 26-ին հանդիպել են Եվրոպական համալսարանի Կապանի մասնաճյուղի ուսանողների հետ։
Հանդիպման նպատակն ուսանողներին պարեկային ծառայությունում ներգրավելու գործընթացը, ոլորտի առանձնահատկությունները, ընձեռած հնարավորություններն ու կարևոր մի շարք թեմաների ներկայացումն էր։
Պարեկներն անդրադարձել են ընդունելության հիմնական պահանջներին, ինչպես նաև ծառայողների մասնագիտական զարգացմանն ու կարիերայի աճին միտված վերապատրաստումներին ու ատեստավորմանը։
Ներկայացվել են նաև աշխատանքի սոցիալական երաշխիքներն ու դրանց բարելավմանն ուղղված միջոցառումները։
Պարեկները խոսել են ծառայությունում հանդիպող դժվարությունների ու մարտահրավերների մասին, ընդգծել աշխատանքի պատասխանատվությունը հասարակության անվտանգության ապահովման տեսանկյունից։
Ուսանողների հետ հանդիպմանը կարևորվել է նաև համակարգում կանանց ներգրավվածությունը՝ նշվել, որ հաճախ հենց կանայք են զսպիչ դեր կատարում հանցագործությունների դեմ պայքարում։
Հանդիպման ավարտին ծավալվել է ակտիվ քննարկում։ Ուսանողները ուղղել են ծառայության պայմաններին, մասնագիտական պատրաստությանն ու առաջխաղացման հնարավորություններին վերաբերող հարցեր, տրվել են սպառիչ պատասխաններ։