«Կլոր սեղան»՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչությունում
Սեպտեմբերի 24-ին Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչությունը, ոստիկանության հետ համատեղ, Երևանում անցկացրեց կլոր սեղան` «Քաղաքացիություն չունեցող անձանց բացահայտում և պաշտպանություն. Ապաքաղաքացիության կարգավիճակի որոշման ընթացակարգի ներկայացում» խորագրով:
Միջոցառմանը մասնակցում էին պետական գործակալություններ, միջազգային կազմակերպություններ, հասարակական և քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի կառավարությունների ու հասարակական կազմակերպություների կողմից լիազորված անձինք:
Հանդիպումը հիշարժան էր նրանով, որ լրացել էր «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» 1954 թվականի Կոնվենցիայի 60-ամյակը, որին Հայաստանը միացել է դեռևս 1994 թվականին:
Միջոցառման նպատակն էր` հիշեցնել այն միլիոնավոր անձանց գոյության մասին, ովքեր չունեն քաղաքացիություն, թաքնված են կամ մոռացված աշխարհի կողմից:
Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գործերով հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթն իր խոսքում նշեց, որ թեև քաղաքացիությունը թվում է համընդհանուր, ծննդյան իրավունքին հավասար մի իրավունք, բայց ավելի քան 10 միլիոն մարդ գոյատևում է առանց դրա: Քաղաքացիություն չունեցող մարդիկ իրավական ինքնություն չունեն: Նրանք ոչ մի երկրի քաղաքացի չեն: Աշխարհի ամենախոցելի, փաստորեն անտեսանելի մարդիկ են նրանք: Ապաքաղաքացիությունը մարդուն զրկում է լիարժեք հասարակական կյանքից, ինքնության զգացողությունից, ձայնի իրավունքից:
Ներկայումս Հայաստանում քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման և պաշտպանության տրամադրման վերաբերյալ ոստիկանությունը մշակում է օրենսդրական նախագիծ, իսկ Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գործերով հանձնակատարը սերտ համագործակցում և աջակցում է ոստիկանությանն այդ գործում:
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Միշա Սարդարյանն ընդգծեց, որ շուտով Հայաստանի իշխանությունները հնարավորություն կունենան պատշաճ կերպով հայտնաբերելու քաղաքացիություն չունեցող անձանց` նրանց տրամադրելով իրավունքներ:
Քննարկման ժամանակ հնչեցին ապաքաղաքացիության կանխմանն ուղղված տարբեր առաջարկներ: