Մալաթիայի ոստիկանները խարդախության դեպքեր են բացահայտել
Օգոստոսի 27-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտ ինչ-որ մեկը չարաշահել է բջջային հեռախոս վաճառող մի կնոջ վստահությունը. վճարման միջոց չհանդիսացող 700 եվրո վճարելով՝ վերցրել է հեռախոսն ու տիրացել դրան։
Խարդախություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ քրեական հետախույզները միջոցառումներ էին ձեռնարկում, երբ օգոստոսի 28-ին բաժնում խարդախության վերաբերյալ նոր հաղորդում ստացվեց։ Իսակովի պողոտայի բենզալցակայանում «Մերսեդես» մակնիշի մեքենայի ուղևորը 11 300 դրամի բենզին լիցքավորելու դիմաց խաբեությամբ վճարել էր 200 եվրո, նրան էին վերադարձրել 103 հազար դրամ, ինչից հետո մեքենան հեռացել էր։
Ուղևորի արտաքին նկարագրությունը նման էր խաբեությամբ հեռախոսը հափշտակած անձի արտաքին նկարագրությանը։ Բացահայտման աշխատանքները նոր թափ ստացան։ Անհրաժեշտ միջոցառումներից հետո քրեական հետախույզները պարզեցին, որ խարդախության երկու դեպքն էլ կատարել է Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոցի 35-ամյա մի բնակիչ: Օգոստոսի 29-ին նա հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին և տվեց խոստովանական բացատրություն։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: