Արմավիրի քրեական ոստիկանները թմրամիջոցների իրացման շղթա են բացահայտել․ մեկ անձ կալանավորվել է

Արմավիրի քրեական ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ մեծամորցի 34-ամյա մի տղամարդ թմրամիջոցներ է իրացնում տարբեր անձանց։ Մայիսի 12-ին ձերբակալվեցին Արմավիրի մարզում բնակվող երկու տղամարդիկ։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայով փաթեթներ։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ ձերբակալվածներին թմրամիջոցն իրացրել է Մեծամորի բնակիչ 34-ամյա տղամարդը։ Վերջինս ևս հայտնաբերվեց ու ձերբակալվեց։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Հայտնի դարձավ, որ մեծամորցուն էլ թմրամիջոց է իրացրել Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում բնակվող 65-ամյա մի տղամարդ։ Վերջինիս բնակարանի զննությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված՝ մի քանի գրամ։ 65-ամյա տղամարդը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: