Աշտարակցին աճեցում էր կանեփ, պահում մարիխուանա. Արագածոտնի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ աշտարակցի մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոց: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա բնակության վայրում` Նաիրյան փողոցի տան բակում աճեցնում է կանեփ։
Օպերատիվ տվյալներն իրացվեցին հունիսի 25-ին: Ժամը 20.20-ին Նաիրյան փողոցում 40-ամյա տղամարդը ձեռբակալվեց և «ՎԱԶ» մակնիշի իր ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեց մարզային վարչություն։
Հունիսի 25-ին Արագածոտնի մարզային վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ նրա հողամասում հայտնաբերվել է կանեփի 16 բույս, իսկ ավտոտնակում` ընդհանուր մոտ 162 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: