ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գեղարքունիքի մարզի քրեական ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ շարունակվում է

Մարտի 11-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Նորատուս գյուղի բնակիչ 62-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է թմրամիջոց:
Նույն օրը ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդն իրավապահներին է ներկայացրել 123 գրամ դեղնականաչավուն զանգվածով երկու տարա: Նա հայտնել է, որ մարիխուանան կանեփի վայրաճ թփերից պատրաստել է ինքը` անձնական օգտագործման համար:
***
Նույն օրը Գեղարքունիքի քրեական ոստիկանները ստացել էին նաև նմանատիպ մեկ այլ տեղեկություն, որն իրացնելու համար մեկնեցին Ծաղկունք գյուղ: Օպերատիվ տվյալը, որ այստեղի բնակիչ 51-ամյա տղամարդն ապօրինի պահում է թմրամիջոց` հաստատվեց: Նկուղից և գոմի տանիքից տղամարդը ներկայացրեց 2,1 կգ կանեփի թփեր, ապակյա 5 տարայում լցված 108 գրամ մանրացված, մարիխուանայի նմանվող զանգված, 9 գրամ նույն զանգվածով տոպրակ:
Ըստ տանտիրոջ` կանեփը քաղել է իր տնամերձ հողամասում վայրի աճած թփերից և պահել անձնական օգտագործման համար:
***
Գեղարքունիքի քրեական հետախույզները նման մի տեղեկություն էլ իրացրին հաջորդ օրը: Մարտի 12-ին նրանք այցելեցին Գավառ քաղաքի Ազատամարտիկների փողոց, որտեղի բնակիչ 55-ամյա տղամարդն իր առանձնատանը կից աղավնիների բնից ներկայացրեց տոպրակ ու տարա` լցված ընդհանուր 91 գրամ կանեփանման չոր զանգվածով:
Նա նույնպես հայտնեց, որ կանեփն ինքն է քաղել վայրաճ թփերից և պահել անձնական օգտագործման համար:
Երեք դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Թմրամոլության դեմ միջոցառումները շարունակվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: