ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

27-ամյա երիտասարդի դանակահարություն Երևանի հյուրատներից մեկում․ ոստիկանության բացահայտումը

Դեկտեմբերի 22-ին Կենտրոն վարչական տարածքում դանակահարություն էր եղել: Ժամը 13.30-ից 14-ի սահմաններում նույն դեպքի վերաբերյալ ոստիկանության Կենտրոնական բաժին երկու ահազանգ ստացվեց: Առաջինը օպերատիվ կառավարման կենտրոնից էր. հայտնում էին, որ Պուշկինի փողոցում գտնվող հյուրատանը դանակահարություն է եղել: Երկրորդ ահազանգն արդեն հիվանդանոցից էր. նշված հասցեից շտապօգնության բրիգադը կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով 27-ամյա մի տղամարդու էր տեղափոխել բժշկական կենտրոն:
Օպերատիվ խմբի մի մասը՝ հյուրատուն, մյուսները հիվանդանոց մեկնեցին։ Տուժողից հնարավոր չէր բացատրություն վերցնել: Ոստիկանները զրուցեցին բժշկի հետ, արձանագրեցին ախտորոշումը:
Դեպքի վայրի զննությանը զուգահեռ՝ քրեական հետախույզները օպերատիվ հարցումներ իրականացրին: Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները: Եվ համատեղ միջոցառումների արդյունքում դեպքից օրեր անց հանցագործությունը բացահայտվեց:
Տեղեկություններ ստացվեցին, որ տուժողին վիճաբանության ժամանակ դանակահարել էր Լենինգրադյան փողոցի 29-ամյա մի բնակիչ:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 20-ի սահմաններում, ծանր մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, 29-ամյա տղամարդը բերման ենթարակվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և ձերբակալվեց:
Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: