Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին

Մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ հաղորդումը Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էր մարտի 17-ին: «Գյումրի» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ շտապօգնության խումբը «ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Գյումրիի Չարենցի փողոցի շենքերից մեկի 44-ամյա բնակչին:
Շիրակի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ էր նախաձեռնվել, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 18-ին պարզվել է, որ Տրդատ Ճարտարապետի փողոցի շենքերից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 44-ամյա տղամարդու դեմքին ձեռքով հարվածել և մարմնական վնասվածք էր պատճառել 38-ամյա համաքաղաքացին:
38-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: