Մեր բոլոր գործերից ամենակարևորը երեխաների ժպիտն անաղարտ պահելն է, նրանց անհոգ մանկության իրավունքն ապահովելը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Նկատեցի՞ք, թե որքան կապույտ էր երկինքն այսօր, ու որքան պայծառ էր արեւը...
Երեխաների ժպիտն էր անդրադարձել...
Երկնքում մե՛ծ, բարի արեւն էր, ներքեւում՝ ասֆալտին, փոքրիկների նկարած ժպտացող պատկերները...
Հունիսի 1-ը ոստիկանությունն այս տարի էլ իսկական տոն դարձրեց երեխաների համար:
Ոստիկանության մշակույթի կենտրոնի դիմաց ասֆալտն անսովոր փոխվեց, երեխաների ձեռքով դարձավ օրվա պես պայծառ, գույնզգույն...
Օրվա հեքիաթն ամբողջացրին հեքիաթների հերոսները...
Ոստիկանության Անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչությունը հունիսի 1-ն առանձնահատուկ դարձրեց թիվ 1 հատուկ կրթահամալիրի եւ թիվ 12 հատուկ դպրոցի սաների համար:
Կրթահամալիրի սաներն իրենց տոնին հատուկ էին նախապատրաստվել: Նրանք հյուրերին ներկայացան ձեռագործ աշխատանքներով: Հետո դպրոցի դահլիճում նրանց տոնական տրամադրություն պարգեւեց Մեծամորի «Ընտանիք եւ համայնք» բարեգործական հասարակական կազմակերպության տիկնիկային թատերախումբը...
Միջոցառումն այնուհետեւ տեղափոխվեց Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի բակ, որտեղ
կազմակերպված միջոցառմանը մասնակցեցին նաեւ թիվ 12 հատուկ դպրոցի սաները:
Առանձնահատուկ էր նաեւ ոստիկանության ծառայությունը. մայրաքաղաքում ու մարզերում, բոլոր այն վայրերում, ուր անցկացվում էին միջոցառումները, ոստիկանության տարբեր ծառայությունների կողմից իրականացվում էր հասարակական կարգի պահպանման միջոցառումներ:
Մեր բոլոր գործերից ամենակարեւորը երեխաների ժպիտն անաղարտ պահելն է, նրանց անհոգ մանկության իրավունքն ապահովելը: Ուրեմն, թող միշտ մանկան աչքերում ժպիտն անպակաս լինի նաեւ մեր սիրով ու ջանքով...