Մեկնարկեց «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագիրը
Հունվարի 25-ին ՀՀ կառավարության, դիվանագիտական համայնքի, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկեց «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ կողմից։
Ծրագիրն իր գործունեության ընթացքում աջակցելու է Հայաստանի կառավարության՝ արդյունավետ և հաշվետու հաստատություններ կառուցելու բարեփոխումների օրակարգին՝ հիմնված լավ կառավարման և իրավունքի գերակայության սկզբունքների վրա:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նածվլիշվիլին, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, հրավիրված այլ անձինք:
Միջոցառմանը ներկայացվեց, որ ծրագրի բաղադրիչ են նաև ոստիկանության բարեփոխումները, որոնք ներկայացրեց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Մասնավորապես, ծրագրի շրջանակներում նախատեսվում է գործողություններ իրականացնել մի շարք առանցքային ուղղություններով՝ վստահության վերաբերյալ հանրային հարցման կազմակերպման, կրթական ծրագրերի արդիականացման, համայնքային ոստիկանության, գենդերային հավասարության, թվային վերափոխման և այլն։
Արա Ֆիդանյանը համոզմունք հայտնեց, որ նախատեսվող միջոցառումները, վերլուծությունները, տարբեր ուղղություններով կարիքների գնահատումը, առաջարկվող ծրագրային լուծումները, ուսումնական ծրագրերի վերանայումը հնարավորություն կտան արագ և ճշգրիտ գնահատել առկա խնդիրները՝ բարձրացնելով ոստիկանության գործունեության արդյունավետությունը։