Ոստիկանները բացահայտում են միջազգային հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաների հանցավոր մեխանիզմները /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 2-րդ բաժնի երկաթուղային տրանսպորտում կատարվող հանցագործությունների և ավտոառևանգումների դեմ պայքարի բաժանմունքում ԱՊՀ կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցագործություններ իդեմ պայքարի համակարգող բյուրոյից տեղեկություն ստացվեց, որ Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում է «Տոյոտա Քամրի» մակնիշի ավտոմեքենա։ Գործընկերները նշել էին նաև մեքենայի նույնացման համարը՝ այսպես կոչված ՎԻՆ գաղտնաբառը, որով հնարավոր է նույնականացնել մեքենան։
Երկաթուղային տրանսպորտում կատարվող հանցագործությունների և ավտոառևանգումների դեմ պայքարի բաժանմունքում այսպիսի տեղեկություններ ստացվում են պարբերաբար։ Համագործակցության շրջանակում ընդգրկված են գործընկեր բոլոր երկրների իրավապահ մարմինները, ոստիկանական միջազգային կազմակերպություններ և Ինտերպոլի համապատասխան ստորաբաժանումները։ Ընդհանուր համակարգերի և կապի միջոցներով պարբերաբար փոխանակվում է տեղեկատվություն, և հանցավորության դեմ պայքարը դրառնում է ավելի արդյունավետ ու համակարգված։
Տեղեկության մեջ նշված «Տոյոտա Քամրին» առևանգել էին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում։ Սեփականատերը դիմել էր ոստիկանություն և փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Նոյեմբերի 28-ից մեքենայի նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ՔՀԳՎ քրեական հետախույզները պարզեցին, որ նշված ՎԻՆ համարով «Տոյոտան» հաշվառված է ՀՀ-ում, մեր երկրի քաղաքացու անվամբ։
Ոստիկանները օպերատիվ կերպով մեքենան հայտնաբերեցին և տեղափոխեցին ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ Սեփականատերը հրավիրվեց ոստիկանություն։
Ինչպե՞ս էր Կրասնոդարում առևանգված մեքենան հայտնվել Հայաստանում։ Ինչպե՞ս էր հնարավոր եղել անարգել անցնել միջպետական սահմաններն ու առանց օրենք խախտելու մեքենան հաշվառել ՀՀ-ում։ Սրանք հարցեր էին, որ իրավապահները պիտի պարզեին։ Նշենք, որ հանգամանքները ներկայացնում ենք՝ խստագույնս պահապանելով նախաքննության գաղտնիությունը։
Ոստիկանություն հրավիրված քաղաքացին իր բացատրությամբ հայտնեց, որ մեքենան գնել է Երևանում, ՌԴ Քաղաքացուց և նույն օրը հաշվառել իր անվամբ։ Պարզվեց, որ մեքենան Հայաստան է տեղափոխվել հոկտեմբերին՝ նախքան միջազգային հետախուզում հայտարարվելը։
Նմանօրինակ մեքենայությունների ոստիկանները հաճախ են առնչվում։ Հանցագործությունը կատարած անձանց նպատակը միշտ նույնն է՝ ապօրինի ճանապարհով շահույթ ստանալը։ Եվ այս նպատակին հասնելու համար նրանք մշակում են տարաբնույթ մեխանիզմներ, ինչի հետևանքով, բացի բուն տուժողից, երբեմն տուժում են նաև այլ բարեխիղճ քաղաքացիներ։
Ներկայացվող հերթական մեխանիզմին քրեական հետախույզները բախվել են այս տարվա սկզբին։
2018 թ. հունվարին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ից տեղեկություն է ստացվել, որ 0295 ՎԻՆ համարի վերջնաթվերով ՀՀ ներմուծված «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան ՌԴ իրավապահների նախաձեռնությամբ գտնվում է հետախուզման մեջ։
Ձեռնարկված միջոցառումներով մեքենան հայտնաբերվել է, սեփականատերը հրավիրվել է ոստիկանություն և բացատրություն տվել։ Պարզվել է, որ ՀՀ քաղաքացին մեքենան գնել է Մոսկվայում, վարելով բերել Հայաստան և օրենքով սահմանված կարգով հաշվառել։ Պարզվել է նաև, որ «Լեքսուսի» նախկին սեփականատերը, մեքենան իր հերթին գնած է եղել երրորդ անձից։ Վճարել է գնի մի մասը, կնքել պայմանագիր՝ պարտավորվելով մյուս մասը վճարել որոշ ժամանակ հետո։ Պայմանագրի հիման վրա մեքենան վերահաշվառել է իր անունով, հետևաբար՝ օրենքով սահմանված կարգով է անարգել վաճառել ՀՀ քաղաքացուն։ Այնուհետև չի կատարել երրորդ անձի նկատմամբ իր վճարման պարտավորությունը։ Նա էլ դիմել է իրավապահներին և հարուցված քրեական գործի շրջանակում մեքենայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Միջազգային հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման ընթացքում շատ են նաև արտերկրից լիզինգային պայմաններով ձեռք բերված տրանսպորտային միջոցները։ Այս տարվա ամռանը երկաթուղային տրանսպորտում կատարվող հանցագործությունների և ավտոառևանգումների դեմ պայքարի բաժանմունքում տեղեկություն ստացվեց, որ Հայաստանի տարածքում է ՌԴ-ից խարդախությամբ ձեռք բերված և միջազգային հետախուզման մեջ գտնվող «Մերսեդես-Բենց ԳիԷլԵ» մակնիշի 0360 Վին համարի վերջնաթվերով ավտոմեքենան։
Մեքենան հայտնաբերվեց և տեղափոխվեց ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ Քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվեց, որ Ռուսաստանյան մի ընկերություն մեքենան գնել է լիզինգային կազմակերպության միջոցով ու տեղափոխել Հայաստան։ Ընկերությունը չի կատարել պայմանագրով նշված վճարման պարտավորությունները, ֆինանսական կազմակերպության հայցով հարուցվել է քրեական գործ և մեքենայի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Սահմանված կարգով որոշում է կայացվել հետախուզման մեջ գտնվող մեքենան հանձնել հետախուզումը նախաձեռնող իրավապահ մարմնի կողմից լիազորված անձին, այն ՌԴ տեղափոխելու համար։
Այս պահին էլ ՃՈ հատուկ պահպանվող տարածքում կայանված են բազմաթիվ տրանսպորտային միջոցներ, որոնք գտնվելով միջազգային հետախուզման մեջ՝ հայտնաբերվել են ոստիկանների հետևողական աշխատանքի արդյունքում։
ՀՀ ոստիկանության՝ հանցագործության այս տեսակի դեմ պայքարի և հակազդման պատասխանատուները երաշխավորում են, որ չկա այնպիսի հանցավոր մեխանիզմ, անկախ դրա իրագործման երկրից ու պայմաններից, որ հնարավոր չլինի բացահայտել։ Ընդամենը ժամանակի հարց է։ Բոլոր հանցագործությունները ենթակա են բացահայտման։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: