Միջոցառումներ՝ նվիրված հանուն հայրենիքի զոհված ոստիկանների հիշատակին
Նոյեմբերի 12-ին ոստիկանության զորքերի հրամանատարության վարչական շենքի մոտ տեղի ունեցավ «Հավերժության պուրակի» հիմնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, ոստիկանության կոլեգիայի անդամները, զոհված ծառայողների հարազատներն ու ընկերները։
Բացման խոսք ասաց ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, և աղոթք բարձրացրեց Տեր Վրթանես քահանա Բաղումյանը։
Արցախյան առաջին ազատամարտի, 44-օրյա պատերազմի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների անուններով նրանց երեխաները, այրիներն ու ծառայակիցները ծառեր տնկեցին։
Արարողության ընթացքում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների հիշատակը։
Նույն օրը հիշատակի միջացառումը շարունակվեց ոստիկանության մշակույթի կենտրոնում։ Այն մեկնարկեց աղոթքով ու մեկ րոպե լռությամբ։
Հնչեցին հայրենասիրական երգեր ու ասմունքներ՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհվցած ոստիկանների հիշատակին։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմին ոստիկանությունը տվեց 71 զոհ։
Փա՜ռք հանուն հայրենիքի զոհված բոլոր ոստիկաններին։