ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է․ Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

28.04.2025 12:02 Գողություն

Բնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 18-ի ժամը 22.17-ին: Մարզի Աստղաձոր գյուղի բնակիչը հայտնում էր, որ կոտրել են պատուհանն ու տարել ոսկեղեն:
Գեղարքունիքի քրեական ոստիկանները մեկնեցին դեպքի վայր: Ըստ տանտիրոջ` տնից դուրս էին եկել երեկոյան ժամը ութին, վերադարձել մեկուկես ժամից, ու քիչ անց նկատել նախ կոտրած ապակին, ապա` նաև մոտ երեք միլիոն դրամի ոսկեղենի բացակայությունը:
Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ բնակարանային գողության հատկանիշներով։
Նման դեպքերում իրավապահների գործողությունների արագությունն էական նշանակություն է ունենում նաև գողոնի հայտնաբերման հարցում` կանխելով դրա իրացումը:
Գեղարքունիքի քրեական ոստիկանների վարկածը, որ այդ կարճ ժամանակում տուն մտնելն ու գողոնով հեռանալը պատահական չէր: Նույնքան արագ պարզաբանումներից ու ճշգտումներից հետո, ահազանգից ընդամենը երկու ժամ անց, պարզվեց բնակարանային գողությունը կատարած անձի ինքնությունը՝ տուժողի 34-ամյա համագյուղացին էր։ Վերջինս հայտնաբերվեց Մարտունի քաղաքում ու ձերբակալվեց։
Հետագա միջոցառումներով իրավապահներին հաջողվեց հայտնաբերել նաև գողացված ոսկեղենը՝ ողջ ծավալով։
34-ամյա աստղաձորցուն մեղադրանք է ներկայացվել։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: