Առանց ահազանգի, առանց հաղորդման. Մուշի ոստիկանները գողություններ են բացահայտել
Հունիսի 8-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Խրիմյան Հայրիկի փողոցի 37-ամյա մի բնակիչ մեքենայի սրահից գողություն է արել: Հետագա միջոցառումներով ճշտվում է, որ նույն օրը, առավոտյան ժամը վեցին, Արամ Մանուկյան փողոցի մի խանութի մոտ վարորդը կանգնեցրել էր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան, դուռը բաց թողել ու մտել էր խանութ, 37-ամյա տղամարդն էլ, օգտվելով այդ հանգամանքից, սրահից գողացել էր պայուսակ, որի մեջ եղել են անձնական իրեր:
Նույն օրը, ժամը 17.30-ին, իր բնակության վայրի մոտից տղամարդը բերման է ենթարկվում: Ու քանի որ գողության վերաբերյալ ոչ ոք հաղորդում չէր տվել, ոստիկանները ստիպված էին ճշտել, թե ում է պատկանում մեքենան: Ճշտվում է: Հաջողվում է գտնել նաև պայուսակի տիրոջը, որին պատճառվել էր մոտ 170 հազար դրամի վնաս:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է։
Ու սա դեռ բոլորը չէ: Նյութերի նախապատրաստման ընթացքում Շիրակի մարզի քննչական վարչությունում 37-ամյա տղամարդը խոստովանում է, որ ապրիլի 21-ին և մայիսի 15-ին Գյումրու Եղիշե Չարենցի փողոցի ավտոլվացման կետի դրամարկղի դռնակը ֆիզիկական ուժի գործադրմամբ բացել ու գողացել էր համապատասխանաբար` 7.500 և 30 հազար դրամ` մետաղադրամներով: Այս դեպքերի մասին էլ ոստիկանությունում ահազանգ ու հաղորդում չէր ստացվել: Ըստ ավտոլվացման կետի պահակի` նախկինում ոստիկանություն չէին դիմել, քանի որ փորձել էին գողին գտնել սեփական ուժերով:
Քննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: