ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը 20 տարեկան է
Հունվարի 20-ին լրանում է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կազմավորման 20-ամյակը։
Թեև ստորաբաժանումը ստեղծվել է 2003-ին, սակայն վերահսկողական գործառույթ իրականացրել է դեռևս 1924 թվականից։ Այն ժամանակ մերօրյա ներքին անվտանգության վարչության ծառայողները կոչվում էին հատուկ լիազորվածներ։ Տարիների ընթացքում գործառույթը մնացել է գրեթե նույնը, սակայն մի քանի անգամ փոխվել է ստորաբաժանման անվանումն ու կարգավիճակը՝ հատուկ լիազորվածներ, հատուկ տեսչություններ, անձնակազմի գծով տեսչություն, հատուկ տեսչության վարչություն և ներքին անվտանգության վարչություն։
Այսօր ներքին անվտանգության վարչությունն ունի ենթակա 3 բաժին՝ ծառայողական քննությունների, օպերատիվ ապահովման և հաշվառման ու վերլուծության։
Ստորաբաժանումը ակտիվ համագործակցում է ազգային անվտանգության, հակակոռուպցիոն կոմիտեի, քննչական կոմիտեի և իրավապահ այլ մարմինների հետ։
Ծառայողական քննությունների բաժինը համակարգում է նաև ոստիկանության կարգապահական հանձնաժողովի ձևավորման և նիստերի անցկացման աշխատանքը։ Ոստիկանության ծառայողների կարգապահական կոպիտ խախտումների բոլոր դեպքերը զեկուցվում են ներքին անվտանգության վարչությանը, նշանակվում է նիստի օր և քննարկվում ծառայողներին պատասխանատվության ենթարկելու հարցը։
Միայն 2022 թվականին հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 7 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 36 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 35 նյութ։
Ներքին անվտանգության վարչությունը առաջնորդվում է թափանցիկ գործելաոճի սկզբունքով՝ պարբերաբար հանրությանը ներկայացնելով կատարված աշխատանքը։
Եվ այսպես, 2022 թվականին ներքին անվտանգության վարչությունում կատարվել են ծառայողական 623 քննություններ և ուսումնասիրություններ, որոնց արդյունքներով կիրառվել է կարգապահական 238 տույժ։
Ոստիկանության ծառայողների օրինախախտումների փաստերով վարչությունում նախապատրաստվել և վարույթ իրականացնող մարմիններին են ուղարկվել ծառայողական քննությունների 52 նյութեր։
Հարուստ պատմություն ունեցող, բայց՝ 20-ամյա ստորաբաժանումը շարունակում է պատվով իրականացնել իր գործառույթներն ու թիվ մեկ խնդիրը՝ ոստիկանության համակարգում կարգապահության, օրինականության ապահովումը և ներքին վերահսկողությունը։