Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը բացահայտել է ընդհանուր 21.567.472 դրամի յուրացման դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ։ Այս կապակցությամբ կատարվող ծառայողական քննության ընթացքում ոստիկանության ներքին աուդիտի վարչության իրականացրած ֆինանսական ստուգմամբ պարզվել է, որ Հրազդանի պահպանության բաժնի նախկին հաշվապահը՝ բաժնի 6 աշխատակիցների և իրեն, առանց իրավական հիմքի, վճարել է ընդհանուր 21.567.472 դրամ։
Ծառայողական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ, ուստի ծառայողական քննության նյութերը ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը որոշելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: