Նոր Նորքում երկու երիտասարդի են դանակահարել․ տեղի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը
Հունվարի 9-ի կեսգիշերին Գայի պողոտայում մի խումբ անձանց մասնակցությամբ ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ։ Ժամեր անց նույն դեպքի վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժին երկու ահազանգ ստացվեց: Մի հիվանդանոցից հայտնում էին, որ կոնքազդրի կտրած-ծակած վերքով 23-ամյա երիտասարդ է բուժօգնության դիմել, որին, ըստ նախնական տվյալների, Գայի արձանի հարևանությամբ դանակահարել էր անծանոթ անձը: Մյուս ահազանգը մեկ այլ հիվանդանոցից էր. որովայնի կտրած-ծակած վերքով 27-ամյա տղամարդու էին բուժհաստատություն տեղափոխել, որը վնասվածքը դարձյալ Նոր Նորքում էր ստացել՝ իբր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները պարզեցին, որ Գայի արձանի հարևանությամբ մի խումբ անձանց միջև կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Նոր Նորքի 5-րդ զանգվածում բնակվող 27-ամյա տղամարդը, որն իբր ընկնելու հետևանքով էր վնասվածքը ստացել, իրականում դանակահարել էր 23-ամյա երիտասարդին, նրա ընկերն էլ, որ Մոլդովական փողոցի 19-ամյա բնակիչ է, 27-ամյա տղամարդուն էր դանակահարել։
Բացատրական աշխատանքի արդյունքում 19-ամյա երիտասարդը հունվարի 10-ին ներկայացավ ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվեց խոստովանական բացատրություն։
Վնասվածքներ էին ստացել նաև վիճաբանության այլ մասնակիցներ։
Հանգամանքները պարզվում են։
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դանակները հայտնաբերելու ուղղությամբ։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: