Նոր Նորքի բաժին բերման ենթարկվածի մեքենայում Արցախից բերված ապօրինի ինքնաձիգ է հայտնաբերվել
Փետրվարի լույս 26-ի գիշերը ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Երևանում բնակվող 36-ամյա մի տղամարդ մեքենայում ապօրինի զենք-զինամթերք ունի։ Նա, ընկերոջ հետ, նույն օրը հայտնաբերվեց Գայի պողոտայում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Օպերատիվ տվյալները հավաստի էին. մեքենայում հայտնաբերվեց գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահեստատուփեր ու 100-ից ավելի փամփուշտ։ 36-ամյա տղամարդու հայտնածով՝ զենք-զինամթերքը հոկտեմբեր ամսին բերել էր Արցախից։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ծալովի դանակ, իսկ ընկերոջ մոտ՝ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված ու կաթուցիչներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։
Հորդորում ենք Արցախից բերված ապօրինի զենք-զինամթերք պահողներին՝ դրանք անհապաղ կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: