ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ընտանեկան բռնությունը ոչ միայն անհատի իրավունքի խախտում է, այլև պետության կայունությանն ուղղված մարտահրավեր. հանդիպում-քննարկում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Ամբողջ աշխարհում ընտանեկան բռնությունը ոչ միայն անհատի իրավունքի խախտում է, այլև պետության կայունության լուրջ մարտահրավեր: Այդ համատեքստում ՆԳ նախարարության կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումները միտված են Ոստիկանություն-համայնք կապն ամրապնդելուն, հանրության վստահությունը բարձրացնելուն։
Մարտի 13-ին Գավառ քաղաքում տեղի ունեցած հանդիպում-քննարկումը ընտանեկան բռնության կանխարգելման շրջանակում էր։
Մասնակցում էին Համայնքային Ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանը, ՆԳ նախարարության ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Նատալի Սահակյանը, ներկայացուցիչներ ՆԳ նախարարությունից, բռնության ենթարկված անձանց աջակցման կենտրոններից ու քաղաքացիական հասարակությունից։
Նատալի Սահակյանը, կարևորելով համայնքային ոստիկանության դերը բռնությունների, մասնավորապես՝ ընտանեկան բռնության կանխարգելման համատեքստում, ընդգծել է, որ ինտենսիվ շփումները համայնքի հետ թույլ են տալիս խորապես հասկանալ առկա խնդիրները։ Նա նշել է, որ խնդրի կանխարգելման ուղղությամբ արդյունավետ լուծումների մշակման ճանապարհին, մասնավորապես, հաղորդակցության ամրապնդումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է։
«Այսօրինակ հանդիպումները չափազանց կարևոր են Ներքին գործերի նախարարության համար, քանի որ հանդիպումների արդյունքում հաղորդակցությունը, որը տեղի է ունենում հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ, հնարավորություն է ընձեռում գույքագրել մի շարք խնդիրներ, որոնք բավական առանցքային են, թիրախային ու հասցեական»,-նշել է Նատալի Սահակյանը։
Ազգային և տարածաշրջանային առանձնահատկություններով պայմանավորված՝ Հայաստանում, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզում ընտանեկան բռնության վիճակագրությունն ավելի քան խոսուն է։ 2023 թվականին Հայաստանում գրանցված 1819 ընտանեկան բռնության դեպքից 81-ը Գեղարքունիքի մարզում է եղել, իսկ 2024-ին գրանցված 2255 դեպքից 66-ն է Գեղարքունիքի մարզում եղել։ Մարզում արձանագրված ընտանեկան բռնությունների նվազումը հաճախ խոսում է ոչ միայն այդ ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության, այլև այն մասին, որ մարզում բռնության մասին խոսելն ու այն բարձրաձայնելը հասարակության որոշ շերտերի համար դեռևս դժվար է:
Էդգար Պետրոսյանը ներկայացրել է բռնության տեսակներն ու դրանց առանձնահատկությունները, պաշտպանվելու միջոցներն ու տարբերակները, նաև իրավական այլ մանրամասներ։ Խոսելով բռնության հետևանքների մասին, նա նշել է որ յուրաքանչյուր ընտանեկան բռնություն մեկ քայլով ավելի է մոտեցնում պետության թուլացմանը, և այդ առումով կարևոր է ընտանիքի ոչ միայն իրավական կողմի ապահովումը, այլև բովանդակային։
Էդգար Պետրոսյանի խոսքով՝ «Հանդիպման նպատակը հանրությանը ընտանեկան բռնության մասին իրազեկելն էր՝ ի՞նչ է ընտանեկան բռնությունը, ինչպե՞ս կարելի է պայքարել ընտանեկան բռնության դեմ, և եթե ենթարկվել են ընտանեկան բռնության, ինչպե՞ս կարելի է ստանալ աջակցություն: Ըստ էության, նպատակը ոչ միայն իրազեկումն էր, այլև հանրության հետ խոսելը, ինչը, կարծում եմ, ստացվեց, որովհետեւ բավական մեծ ակտիվություն կար հանրության կողմից»։
Ծավալված ակտիվ քննարկման արդյունքում ներկաները ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները, հանդես եկել առաջարկություններով։