Կեղծ օղիների շշալցում՝ տան նկուղում. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

Փետրվարի 13-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, ապօրինի ձեռնարկատիրությամբ, մասնավորապես, կեղծ օղիներ շշալցնելու վերաբերյալ ստացած տեղեկություններն իրացնելով, Արմավիր քաղաքի Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 22 և 24 տարեկան երկու երիտասարդի։
Նրանք հաստատել են տեղեկությունը և հայտնել, որ զբաղվում են կեղծ օղիների շշալցմամբ և վաճառքով։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի զննությամբ հայտնաբերվել է 30 շիշ կեղծ օղի: Եվս 30 շիշ հայտնաբերվել է 24-ամյա երիտասարդի տան նկուղում։ Այստեղ զննությամբ հայտնաբերվել են նաև տարբեր տեսակի օղիների դատարկ շշեր, տարաներով սպիրտ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: