Պարզաբանում
ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի www.policemonitoring.org կայքէջում մայիսի 13-ին զետեղված «ՀՀ ոստիկանության խոչընդոտները Դիտորդական խմբի աշխատանքներին հասել է իր գագաթնակետին» հրապարակումը հերթական փորձն է փաստերը խեղաթյուրված ներկայացնելու և ստվեր գցելու ՀՀ ոստիկանության բաց ու թափանցիկ աշխատանաքների վրա:
Ոստիկանությունը բազմիցս հորդորել է դիտորդների խմբի անդամներին, որ իրենց գործառույթներն իրականացնելիս ղեկավարվեն ՀՀ ոստիկանության պետի 14.01.2005 թ. «ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 1-Ն հրամանի պահանջներով, սակայն խումբը ոչ միայն չի ընդունում այն, այլ փորձում է հրավիրված ասուլիսների և իրենց կայքում զետեղված հրապարակումների միջոցով խեղաթյուրել ոստիկանության կողմից ներկայացված օրենքից բխող պահանջները` այն դիտելով որպես իրենց գործունեության նկատմամբ խոչընդոտում: Մասնավորապես.
1. Համաձայն նշված հրամանի 12-րդ կետի` խմբին առաջադրված խնդիրները լուծելու նպատակով խմբի անդամներն իրավունք ունեն անարգել այցելել ՁՊՎ-ներ, հանդիպել ՁՊՎ-ում պահվող անձանց, ծանոթանալ ՁՊՎ-ների գործունեությունը կանոնակարգող ներքին իրավական ակտերին, իսկ ՁՊՎ-ում պահվող անձանց համաձայնությամբ՝ նաև նրանց անձնական գործին և գրագրությանը: Մինչդեռ դիտորդների խումբն առանց ձերբակալվածների համաձայնության՝ ՁՊՎ վարչակազմից պահանջում է նրանց անձնական գործերն ու գրագրությունները, ինչը հակասում է ՀՀ սահմանադրության, «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև վերը նշված հրամանի պահանջներին և դրանց չտրամադրումը դիտում որպես իրենց գործունեության խոչընդոտում:
2. Հրամանի 9-րդ կետի «ե» ենթակետի համաձայն` խմբի անդամ չի կարող լինել այն անձը, ով աշխատում է որպես փաստաբան: Ղեկավարվելով նորմատիվ ակտի պահանջներով՝ ՀՀ ոստիկանության պետի հրամանով փաստաբանի արտոնագիր ստացած դիտորդների խմբի անդամի լիազորությունները դադարեցվել են, որը դիտորդների խմբի կողմից նույնպես դիտվել է որպես խմբի գործունեության խոչընդոտում: Այդ կապակցությամբ 06.05.2015 թ. «Մեդիա կենտրոն»-ում կայացել է ասուլիս՝ ոստիկանության ներկայացուցչի մասնակցությամբ, ում կողմից հարցին տրվել է օրենքից բխող հիմնավոր և սպառիչ պատասխան: Նույն ասուլիսի ընթացքում փաստաբանի արտոնագիր ստացած դիտորդների խմբի նախկին անդամ Ա. Հարությունյանը հրապարակավ հայտնել է, որ դիտորդների խմբի նախագահ Հ. Սահակյանը քաջատեղյակ է եղել փաստաբանի արտոնագիր ստանալու մասին և առաջիններից մեկն է եղել, որ շնորհավորել է իրեն: Սակայն անտեսելով նշված հանգամանքը՝ խմբի նախագահ Հ. Սահակյանը գիտակցաբար ու միտումնավոր խախտելով իրավական նորմի պահաջները` այդ մասին տեղյակ չի պահել ՀՀ ոստիկանությանը: Ավելին, արդեն իսկ փաստաբանի արտոնագիր ստացած Ա. Հարությունյանի հետ այցելություններ է կատարել ՁՊՎ-ներ: Խմբի նախագահ Հ. Սահակյանի նման վարքագիծը մտահոգության տեղիք է տալիս:
3. Անդրադառնալով 13.05.2015 թ. դիտորդների խմբի հերթական այցելությանը, նշենք, որ ՁՊՎ վարչակազմից դիտորդները կրկին պահանջել են ձերբակալվածների անձնական գործերում պահվող գրագրությունները, որոնց չտրամադրումը նույնպես դիտվել է որպես խմբի աշխատանքների խոչընդոտում:
Հարկ է նշել, որ վերջին ժամանակներում խումբը որդեգրել է փաստերի խեղաթյուրման գործելաոճ, այն է՝ նախկին անդամ Ս. Իսկանդարյանին ներկայացրել են որպես խմբի փորձագետ, որը նույնպես իրավական նորմի պահանջի խախտում է:
ՀՀ ոստիկանությունը հաշվի առնելով Ս. Իսկանդարյանի՝ խմբի կազմում ունեցած երկար տարիների փորձը, ողջունեց նրա որդու համալրումը խմբի կազմում, սակայն չբավարարվելով դրանով, դիտորդների խումբը համառ կերպով ցանկանում է Ս. Իսկանդարյանին ներգրավվել որպես փորձագետ, ինչը որևէ իրավական ակտով նախատեսված չէ: Ավելին, ոստիկանության ներկայացուցիչները մի քանի անգամ փորձել են կապ հաստատել դիտորդների խմբի անդամների հետ, իրենց իսկ կողմից պատրաստված և ՁՊՎ-ներին տրամադրված ցուցապաստառի վրա նշված «Թեժ գիծ» հեռախոսահամարի միջոցով, սակայն հեռախոսազանգերին պատասխանել են ոչ թե դիտորդների խմբի անդամները, այլ խմբի նախկին անդամ Ս. Իսկանդարյանը:
Այս ամենից հետո` դիտորդների խումբը միտումնավոր խախտելով իրավական ակտի պահանջներն ու ոտնահարելով ձերբակալված անձանց իրավունքները, փոխանակ միջոցներ ձեռնարկի իր աշխատելաոճը փոխելու և իրավական ակտի պահանջները պահպանելու համար, ոստիկանությանն անհիմն մեղադրում է իրենց աշխատանքները խոչընդոտելու մեջ:
ՀՀ ոստիկանությունը ոչ թե խոչընդոտել, այլ նպաստել է դիտորդների խմբի արդյունավետ գործունեությանը և համատեղ աշխատանքի արդյունքում վերջին տարիների ընթացքում բավականին դրական փոփոխություններ և առաջընթացներ են արձանագրվել ձերբակալված անձանց կենցաղային պայմանների բարելավման և իրավունքների պահպանման ուղղությամբ, ինչի մասին բազմիցս նշել է նաև դիտորդների խումբը:
ՀՀ ոստիկանությունն այսուհետ ևս իրականացնելու է օրենքով իր առջև դրված պահանջները՝ խստորեն պահպանելով օրենքի տառը, ինչը հորդորում է նաև դիտորդների խմբին:
ՀՀ ոստիկանության շտաբ