Մասնագիտական պարապմունք տարածքային բաժինների պետերի հետ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Հունիսի 13-ին տեղի ունեցավ ոստիկանության տարածքային բաժինների պետերի հերթական մասնագիտական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Աղասի Կիրակոսյանը։ Մինչ օրակարգին անցնելը Աղասի Կիրակոսյանն ընդգծեց այն կարեւոր ուղենիշները, որոնցով պետք է առաջնորդվեն ոստիկանության տարածքային բաժինների պետերը՝ իրենց մասնագիտական գործառույթներն իրականացնելիս։ Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ոստիկանության թույլտվության համակարգի գործունեության կազմակերպման առանձնահատկություններին: Ներկայացվեցին զենքի տեսակների վրա տարածվող սահմանափակումները, զենք ձեռք բերելու իրավունքը, զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը եւ այլ հարցեր։ Քննարկվեցին նաեւ վճռաբեկ դատարանի երկու նախադեպային որոշումներ, որոնք վերաբերում էին քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը բողոքարկելու հատուկ նորմի կիրառմանը եւ ոստիկանություն «բերված»-ի կարգավիճակի եւ այդ կարգավիճակով անազատության մեջ պահելու տեւողությանը։ Օրակարգում ընդգրկված հաջորդ թեման վերաբերում էր ՙտաք հետքերով՚ հանցագործությունների բացահայտումը կազմակերպելուն եւ ծառայողական տեղեկատվության ընդունման-հաղորդմանը։ Մասնագիտական պարապմունքի ավարտին ստորաբաժանումների պետերին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ։