Պարեկային ծառայության թեմայով հանրային հանդիպում-քննարկումներ Գեղարքունիքի մարզում
Մարզերում շարունակվում են պարեկային ծառայության թեմայով հանրային հանդիպում-քննարկումները։ Հերթականը մարտի 24-ին էր՝ Գեղարքունիքի մարզում։
Գավառի բնակիչների հետ հանդիպմանը բացման խոսք ասաց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը։ Նա նշեց, որ տարվա վերջին Գեղարքունիքի մարզում գործելու է պարեկային ծառայություն, իսկ մինչև ապրիլի 15-ը ոստիկանությունում ընդունվում են պարեկային ծառայության Գեղարքունիքի ստորաբաժանումում ծառայության անցնելու դիմումներ։
Պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու պայմանների մասին խոսեց ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ներկայացուցիչ, ոստիկանության փոխգնդապետ Վլադիմիր Մինասյանը։
Ուսանողները, համայնքների ղեկավարներն ու քաղաքացիներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության ներկայացուցիչներին։
Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները ներկայացրին իրենց ծառայությունից մանրամասներ։ Ներկաները ծանոթացան նաև պարեկային ծառայողական մեքենայի հնարավորություններին ու սպառազինությանը։
Հաջորդ հանդիպումը Սևանում էր։ Բանախոսները ներկայացրին պարեկային ծառայության վերաբերյալ տեղեկատվություն, մարզում գործարկվելիք ստորաբաժանման գործառույթները, աշխատանքային պայմանները, դրույքաչափերը, պարեկներին տրամադրվող սոցիալական փաթեթները և այլն։ Պարեկները ներկայացրին մայրաքաղաքում ծառայության ընթացքում օգտագործվող տեխնիկան ու դրանց հնարավորությունները։
Հիշեցնենք, որ տարվա վերջին պարեկային ծառայություն կգործի Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։ Նշված մարզերի պարեկային ծառայության ստորաբաժանումներում աշխատանքի անցնելու դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 15-ը՝ ոստիկանության կրթահամալիրում։