Ձեր իրավաչափ վարքագծով և քաղաքացիական բարձր գիտակցությամբ աջակցեք ոստիկանությանը
Հասարակական կարգի պահպանություն․ սա լայն հասկացություն է, որի մեջ ներառված է նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը։ Արդեն շուրջ մեկ ամիս այս կարևորագույն գործառույթը մայրաքաղաքում կատարում է նոր ձևավորված պարեկային ծառայությունը։ Պարեկները 3 հերթափոխով 24 ժամ ծառայություն են իրականացնում Երևանի ոչ միայն կենտրոնական, բանուկ փողոցներում, այլև քաղաքի ծայրամասային թաղամասերում։ Պարեկների նպատակը ճանապարհային երթևեկության կարգազանց մասնակիցներին տուգանելը չէ, այլ նրանց անվտանգության մասին հոգալը։ Այս համատեքստում հատկապես ուշադրության կենտրոնում են փողոցները չթույլատրվող հատվածներով անցնող հետիոտները։ Պարեկները նրանց բացատրում են, որ մեկ-երկու րոպե խնայելու համար չի կարելի վտանգել կյանքն ու անհարմարություն ստեղծել վարորդների համար։
Կան քաղաքացիներ, որոնք, ասենք, Վազգեն Սարգսյան փողոցից Նալբանդյան փողոց հասնելու համար Հանրապետության հրապարակի հետիոտնային անցումներից օգտվելու փոխարեն հրապարակը կտրում-անցնում են գորգի վրայով, ինչն անթույլատրելի է և չափազանց վտանգավոր։
Պարեկներն ուշադրության կենտրոնում են պահում նաև կարգազանց վարորդներին, որոնք ճանապարհային երթևեկության կանոնները խախտելով՝ երբեմն խախտում են նաև համակեցության նորմերը։ Ասենք, մեքենայով մտնում են զբոսայգի և տրանսպորտային միջոցը կայանում զբոսնելու համար նախատեսված վայրում, ինչը անթույլատրելի լինելուց զատ նաև տգեղ երևույթ է։ Նման մի դեպք արձանագրվել է օրերս Նոր Նորքում։ Մեքենայի մոտ հեծանիվով զբոսնող երեխա կար։ Վարորդի արարքը վտանգավոր էր ոչ միայն այդ երեխայի, այլև այգում գտնվող բոլոր անձանց համար։ «Նիվայի» կարգազանց վարորդին պարեկները հայտնաբերել ու տուգանել են։ Եվ առհասարակ, բոլոր կարգազանցները ենթարկվում են վարչական պատասխանատվության։ Նկարահանման ընթացքում մեր տեսախցիկը արձանագրեց նման բազմաթիվ դեպքեր, երբ վարորդները մեքենաները կայանել էին մայթին կամ կայանումն արգելված այլ հատվածներում։ Մեզ ուղեկցող պարեկները բոլոր դեպքերին պատշաճ արձագանքեցին ու օրենքով սահմանված ընթացք տվեցին։
Հարգելի՛ քաղաքացիներ, պարեկային ծառայության կողմից անվտանգ երթևեկության ապահովումը նախևառաջ բխում է ձեր կյանքն ու առողջությունը պահպանելու հանձնառությունից։ Ձեր իրավաչափ վարքագծով և քաղաքացիական բարձր գիտակցությամբ աջակցե՛ք ոստիկանությանը։