Ապօրինի հրազեն, ատրճանակ և հոգեմետ դեղահաբեր․ Գեղարքունիքի ջրային պարեկների բացահայտումը
Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի ծառայողները մարտի 10-ին, ժամը 19-ին, Արտանիշի դաշտամիջյան հատվածում ստուգման նպատակով մոտեցել են կայանված «ԳԱԶ-24» ավտոմեքենայի։ Վարորդը իրավապահներին հայտնել է, որ իր մոտ ատրճանակ կա, իսկ մեքենայի բեռնախցում` ինքնաձիգ:
64-ամյա վարորդն ու 34-ամյա ուղևորը ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին։ Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 12 «Լորազեպամ» ու 2 «Սկոպրիլ» տեսակի դեղահաբ, 2 ներակիչ՝ մուգ դարչնագույն և սպիտակ լուծույթներով, թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով, պայթուցիչով նռնակ և ծալովի դանակներ։
Տղամարդը բեռնախցից ներկայացրել է ինքնաձիգ, պահեստատուփեր՝ լիցքավորված 56 փամփուշտով, իսկ մեքենայի սրահից՝ ատրճանակի պահեստատուփ։
Նա հայտնել է, որ ատրճանակը պատրաստել է շուրջ 20 տարի առաջ, իսկ փամփուշտներից 5-ը պատրաստել է ինքը, նռնակը և պայթուցիչը հետը բերել է ԼՂ-ից, իսկ ինքնաձիգը, դրա պահեստատուփերն ու փամփուշտներն իրեն նվիրել է ընկերը։
Տղամարդիկ ներկայացվել են Սևանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 64-ամյա տղամարդու տանը և կից շինություններում կատարվել է խուզարկություն։
Հայտնաբերվել է «Լորազեպամի» 60 հաբ, կանեփի սերմեր, դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ, ատրճանակի դետալներ, ողորկափող հրացանի փող և մասեր։
Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է։