Ամփոփվել են Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի աշխատանքի արդյունքները
Այս տարվա 10 ամիսներին պարեկային ծառայության աշխատանքի ամփոփումը Երևանում և բոլոր մարզերում շարունակվում է: Պարեկային ծառայության պետ-ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում և մարզերում արդյունքների ամփոփմանը մասնակցում են ոչ միայն պարեկային ծառայողները, այլև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու քաղաքացիներ:
Այս անգամ հերթը Կոտայքի մարզինն էր: Աշխատանքի վերլուծություն ու գնահատում, նոր հանձնարարականներ ու քննարկում.նոյեմբերի 13-ին Կոտայքի գումարտակի պարեկների հետ հանդիպման ընթացքում Արթուր Խուդինյանը հատուկ շնորհակալություն է հայտնել ծառայությունը լավագույնս իրականացրած պարեկներին, միաժամանակ տալով համապատասխան հրահանգներ՝ ուղղված ծառայության որակի լավարկմանը:
Պարեկներն անցնում են ուժեղացված ծառայության: Թիրախում բոլոր իրավախախտներն են, մասնավորապես՝ չամրակապված, արագությունը գերազանցող, տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում կամ մգեցված ապակիներով վարող, հեռախոս կամ ծխախոտային արտադրանք օգտագործող, ինչպես նաև առանց հատուկ հարմարանքի երեխաներին տեղափոխող վարորդները:
Կոտայքի գումարտակի պարեկները այս տարվա հունվարի 1-ից հոկտեմբերի 3-ը կազմել են չամրակապված վարելու 22536, վարելու ընթացքում հեռախոս օգտագործելու 3321, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 2110, տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու 1414 և առանց քարսիթի երեխային տեղափոխելու 784 արձանագրություն:
Արթուր Խուդինյանի խոսքով՝ պարեկային ծառայությունը նաև ուշադրություն է դարձնում հանցագործությունների բացահայտման, կանխարգելման աշխատանքներին: Հատկապես մեծ ուշադրություն է դարձվում թմրամիջոցի ապօրինի շրջանառության, ապօրինի զենք-զինամթերքի պահման, բացահայտման աշխատանքներին:
Արթուր Խուդինյանն ու Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը հանդիպում են ունեցել նաև մարզի բնակիչների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: Ճանապարհատրանսպորտային պատահարների և այլ իրավախախտումների նվազեցմանն ուղղված քննարկման ընթացքում պարեկային ծառայության պետն ընդգծել է հասարակություն-ոստիկանություն սերտ կապի անհրաժեշտությունը:
Արթուր Խուդինյանը պատասխանել է քաղաքացիներին հուզող հարցերին, առաջարկել խնդիրների լուծման տարբերակներ, պատրաստակամություն հայտնել ընթացք տալ ծառայության որակի լավարկմանն ուղղված առաջարկներին: