Լոռու մարզի պարեկները գողություն են կանխել․ 40-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հունվարի 20-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Լոռու մարզի պարեկները Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղու մոտակայքում գտնվող պարսպապատ մի տարածքում նկատել են երկու քաղաքացու «ԳԱԶել» մակնիշի մեքենան երկաթի կտորներ բեռնելիս: Պարզելով, որ նրանք որևէ կապ չունեն նշված տարածքի հետ՝ պարեկները, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալել են Վանաձորի բնակիչ 40-ամյա տղամարդուն ու Այգուտ գյուղի բնակիչ 59-ամյա վարորդին և մեքենայով հանդերձ տեղափոխել Համայնքային ոստիկանության Բազումի բաժին:
Ձեռնարկված միջոցառումերի արդյունքում պարզվել է, որ 40-ամյա վանաձորցին զանգել է 59-ամյա վարորդին ու մեքենայով կանչել երկաթե իրեր բեռնելու, որոնք պետք է իրացնեին գունավոր մետաղների ընդունման կետում:
Նույն օրը Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 40-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ մեքենան` պահպանվող հատուկ տարածք։