Պարզաբանում
1-in.am-ը այսօր մի հրապարակումով մտահոգություն է հայտնել ոստիկանության պետի մարզային այցերի վերաբերյալ ու հարցադրումներ արել դրանց նպատակների կապակցությամբ:
Հիշեցնենք, որ այս շրջանում Վալերիյ Օսիպյանի և Աժ պատգամավորության ռեյտինգային թեկնածուների հանդիպումներից առաջ ոստիկանությունը հրապարակել էր հանդիպումների և նպատակները, և գրաֆիկը:
Այդպիսի առաջին հանդիպման վերաբերյալ ծավալուն հրապարակում է արվել երեկ՝ ոստիկանության կայքում և հեռուստատեսությամբ:
Եթե այսքանից հետո էլ խնդիրներն անհասկանալի են մնացել 1-in.am-ին, ապա նորից պարզաբանենք:
Ոստիկանությունը կոչված է օրինականություն ու հասարակական կարգ ապահովել ինչպես բուն ընտրությունների, այնպես էլ նախընտրական շրջանում, և այդ հարցում ակնկալում է հանրության աջակցությունը:
Ոստիկանության պետի հանդիպումները Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների հետ այդ ակնկալությունն իրականություն դարձնելու նպատակ ունեն. այն է՝ հասարակությունը ներկայացնող կառույցներից, կազմակերպություններից, քաղաքացիներից բացի, համագործակցել նաև պատգամավորության թեկնածուների հետ, նրանց օժանդակությունը խնդրելով՝ պարզաբանել ոստիկանության ծառայողների գործառույթներն ընտրությունների ընթացքում, պարզել ոստիկանության հետ փոխգործակցության սկզբունքներն ու հնարավորությունները, մեկ անգամ ևս հավաստել ոստիկանության պատրաստակամությունը՝ լիարժեք իրականացնելու իր գործառույթները:
Հավելենք, որ նախաձեռնությունը դրական է ընդունվել պատգամավորության թեկնածուների կողմից, և առաջին հանդիպումն անցել է գործնական ու արդյունավետ մթնոլորտում:
Ի վերջո, բոլորիս նպատակն է՝ ունենալ օրինահարգ, բաց, թափանցիկ, իսկապես աննախադեպ ընտրություններ:
Հույս ունենալով, որ դա նաև մտահոգների խնդիրն է, նրանց հրավիրում ենք ոստիկանության պետի առաջիկա հանդիպումներին, որոնց ընթացքում ոչ միայն կստանան իրենց հարցերի պատասխանները, այլև առարկայական կմասնակցեն լավագույն ընտրություններ կազմակերպելու մեր հանրային ջանքին: