Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ՙԹերթ.ամ՚ կայքը հրապարակել է բաց նամակ ՀՀ վարչապետին՝ զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգի խախտումների առնչությամբ:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է ուսումնասիրել բաց նամակում հիշատակված հանգամանքները:
Ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ 2019 թվականին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողներից վարձակալած բնակելի տարածությունների դիմաց փոխհատուցում ստանալու համար դիմել է 11 ծառայող, որոնց նյութերը ներկայացվել են ՀՀ ոստիկանության բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովին: Մեկ ծառայողի դիմումը բավարարվել է, մյուս 10 ծառայողների դիմումները քննարկման փուլում են:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների պետերի անձնակազմի գծով տեղակալների միջոցով անձնակազմը պարբերաբար տեղեկացվել է վարձակալած բնակելի տարածությունների դիմաց դրամական փոխհատուցում ստանալու կարգի մասին, բացի այդ, բոլոր ստորաբաժանումներ են ուղարկվել ՀՀ ոստիկանության պետի 09.01.2019 թ. ՙՀՀ ոստիկանությունում բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամների թիվը, անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին՚ թիվ 1-Լ հրամանը: