Միջազգային համագործակցությունը հանցավորության դեմ պայքարի կարևոր տարր է․ Չինաստանի Հունան նահանգի հասարակական անվտանգության դեպարտամենտի պատվիրակությունը հանդիպել է Ոստիկանության ղեկավար կազմին
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հունան նահանգի հասարակական անվտանգության դեպարտամենտի պետի տեղակալ Հու Չժիվենի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-ին մի շարք հանդիպումներ է ունեցել ՆԳՆ Ոստիկանության ղեկավար կազմի հետ։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը հանդիպման ժամանակ բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված սերտ համագործակցությունը մասնավորապես իրավապահ ոլորտում։ Նա հյուրերին ներկայացնելով Քրեական ոստիկանության գործառույթները՝ կարևորել է հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցությունը։ Այդ համատեքստում մասնավորապես առանձնացրել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության ու համացանցի միջոցով խարդախությունների դեպքերը, որոնք հաճախ անդրազգային բնույթ են կրում։
Հու Չժիվենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անդրադարձել է միջազգային փորձի փոխանակման անհրաժեշտությանը և հանրության անվտանգությանը միտված ծրագրերին։
Պատվիրակությունը հանդիպել է նաև Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանի հետ։ Անդրադարձ է կատարվել Համայնքային ոստիկանության կառուցվածքային և գործառութային առանձնահատկություններին, համայնքների հետ մշտական փոխգործակցությանը։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Հու Չժիվենի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Պարեկային ծառայության ներակառույց վարչական համալիրում։ Պարեկային ծառայության պետ-ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը հյուրերին է ներկայացրել ծառայության մանրամասները, կատարված աշխատանքի արդյունքները, ծառայության արդյունավետության բարձրացմանը և հանցավորության կանխարգելմանը միտված քայլերը։
Հյուրերը ծանոթացել են վարչական համալիրի շենքային պայմաններին, պարեկներին ընձեռված հնարավորություններին: Նրանք եղել են նաև Օպերատիվ կառավարման նոր կենտրոնում։
Հանդիպումների ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդելու արդյունավետ համագործակցությունը։