Ազգային ժողովի պատգամավորին հարվածած անձը ձերբակալվել է
Փետրվարի 26-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին Ազգային ժողովի պատգամավորից հաղորդում է ստացվել, որ Ազգային ժողովի շենքի՝ Բաղրամյան պողոտայի անցակետի մոտ անծանոթ անձը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել իրենց խմբակցության պատգամավորների հասցեին։ Երբ պատգամավորը փորձել էր կարգի հրավիրել քաղաքացուն, նա բռունցքով հարվածել էր պատգամավորի դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է պատգամավորին հարվածած անձի ինքնությունը։ Փետրվարի 27-ին, ժամը 08.45-ին, նախկինում առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար դատապարտված 47-ամյա տղամարդը Նոր Նորքի 8-րդ զանգվածում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն։
Հարուցվել է քրեական գործ։
Տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: