Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը թաքնվում էր հյուրանոցում՝ պահելով հրազեն
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետապուզման բաժնի ծառայողները առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալն իրացրին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 21-ին` ժամը 16.50-ին, մայրաքաղաքի Շերամի փողոցում գործող հյուրանոցային համալիրի մի համարում հայտնաբերվեց, ձերբակալվեց և Երևան քաղաքի վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ 34-ամյա տղամարդը:
Հունիսի 17-ից նա հետախուզվում էր սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Հյուրանոցի նույն համարում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ։
Տղամարդը ներկայացվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: