Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն. հանցավորության դեմ պայքարող «ծանր հրետանին»
2020 թվականի սկզբին լուծարվեցին ոստիկանության քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունները, որոնց հիմքի վրա կազմավորվեց քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը:
Հանցագործությունների նախականխում, կանխում, խափանում ու բացահայտում, հանցավորության դեմ պայքարում ոստիկանության տարածքային մարմինների օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների գործունեության մեթոդական ղեկավարում ու վերահսկում, հանցավորության դեմ պայքարում հիմնական մարտավարության և քաղաքականության մշակում և իրականացում, առանձնակի բարդություն ներկայացնող հանցագործությունների բացահայտման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների կազմակերպում ու ղեկավարում, հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցության և այլ պետությունների ոստիկանական մարմինների հետ փոխհամագործակցության ապահովում և այլն: Թվարկվածը ՔՈԳՎ խնդիրներն են, որոնք իրականացվում են կազմակերպական, կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների, մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, հետախուզման, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի, օպերատիվ-հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի և հատուկ նշանակության վարչությունների ծառայողների կողմից։ Միայն այս տարվա հունվարից հունիս ամիսներին ՔՈԳՎ-ում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում բացահայտվել է հանցագործության 202 դեպք, որոնցից հասարակական հնչեղություն ստացած մի քանի դեպքի մեր թողարկումներում անդրադարձել ենք, մի քանիսին էլ դեռ կանդրադառնանք։
Մասնավորապես, բացահայտվել է կոռուպցիոն 51 հանցագործություն, որոնց արդյունքում հայտնաբերվել է պետությանը պատճառված շուրջ 38 միլիարդ 710 միլիոն դրամից ավելի վնաս: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերականգնվել է 5 միլիարդ 808 միլիոն դրամ: ԹԱՇԴՊ վարչության կողմից հայտնաբերվել և բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 34 դեպք, որից 15-ը՝ թմրամիջոցների իրացման, 6-ը՝ թմրամիջոցների մաքսանենգության և 13-ը՝ թմրամիջոցներ ապօրինի պահելու և օգտագործելու: Ապօրինի շրջանառությունից առգրավվել և փորձաքննության է ներկայացվել 482 կգ 235 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, 347 գրամ հոգեմետ նյութ, 15 կգ պրեկուրսոր: Օրերս հիշյալ վարչության ծառայողները, համագործակցելով ԵՔՎ ՔՀԲ և Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների հետ, հայտնաբերել ու բերման են ենթարկել երկու անձի, որոնցից մեկը օտարերկրացի էր։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է 5 փաթեթ՝ 4 կիլոգրամ .230 գրամից ավելի ափիոնի նմանվող զանգված։
Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 56, բնակարանային գողության՝ 7, անձի առևանգման՝ 2, սպանության փորձի, ազատությունից ապօրինի զրկելու, ավազակային հարձակման՝ 1-ական դեպք և մի շարք այլ հանցագործություններ: Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է մարդկանց թրաֆիքինգի՝ 5, պոռնկությամբ զբաղվելու՝ 8 և երեխայի առուվաճառքի՝ 3 դեպք:
Անդրադառնանք հասարակական հնչեղություն ստացած առանձնապես ծանր մի հանցագործության, որը բացահայտվել է օրերս։ Մարտի 30-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Տիգրանաշենից Զանգակատուն տանող ճանապարհին մեքենա է ընկել ձորը: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբերը հայտնաբերել էին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, որը անհայտ հանգամանքներում գլորվել էր ձորը։ Մեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա հայտնաբերվել էր 50-ամյա վարորդի դին՝ վնասվածքներով։ Դիակի արտաքին զննությամբ պարանոցին հայտնաբերվել էր փաթաթած կպչուն ժապավեն: Դեպքի առթիվ Վեդիի քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել։ Առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ, որոնց արդյունքում տեղեկություններ ստացվեցին ապանությունը կատարած հավանական անձանց մասին: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերվեցին փաստական տվյալներ, որ սպանությունը կազմակերպել և կատարել են 47 և 43 տարեկան երկու տղամարդ, որոնք հայտնաբերվել ու բերման են ենթարկվել։ Նրանք կալանավորված են:
Հետախուզման, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վարչության կողմից բացահայտվել է հանցագործության 17 դեպք, այդ թվում՝ խարդախության՝ 6, ընտրողներին կաշառք տալու, փաստաթղթերի կեղծման՝ 2-ական, անձի առևանգման, գողության, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի՝ 1-ական դեպք և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված 3 հանցագործություն:
Մասնավորապես, օրերս բացահայտվել է խարդախների խումբ, որոնք հայտարարությունների կայքերից մեկում տեղադրված հայտարարություններով զանգահարել են վաճառողներին, այնուհետև հանդիպել նրանց հետ, խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու միջոցով դրամի փոխարեն տվել են վճարման միջոց չհանդիսացող արտարժույթ ու հեռախոսներ հափշտակել:
Բացահայտվել է նաև զինված ավազակություն կատարած խումբ, որի անդամները, նախնական համաձայնության գալով, նախորդ տարվա նոյեմբերին Գյումրիի բնակարաններից մեկում մի կնոջից հափշտակել էին 570 դոլար։ Հիշյալ վարչության հետախուզության և էքստրադիցիայի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի, ինչպես և համապատասխան մարմինների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ օրերս հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ԱՄՆ իրավապահների կողմից երեխայի բռնաբարության մեղադրանքով հետախուզվող, ՌԴ իրավապահների կողմից անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու մեղադրանքով, ինչպես և մեր երկրի իրավապահների կողմից առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվող անձինք։
Օպերատիվ-հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է հանցագործության 17 դեպք, այդ թվում` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության՝ 2, համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու՝ 8, խարդախության` 6 և անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու, տարածելու` 1 դեպք:
Ի դեպ, 2021 թվականի 1-ին կիսամյակում հիշյալ վարչությունը տեխնիկապես համալրվել է, ինչի շնորհիվ համապատասխան ծրագրի օգնությամբ իրականացվում է դիմապատկերի միջոցով անձի նույնականացում։
Հիշյալ ժամանակահատվածում շահագործման է հանձնվել վարչության հերթապահ ծառայությունը։ Այս տարվա հունվարից հունիս ամիսներին հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 69 անձ, որոնցից 18-ը հետախուզվում էր առանձնապես ծանր, 27-ը՝ ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով: Հայտնաբերվածներից 26-ը հետախուզվում էր օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների կողմից: Էքսդրադիցիայի է ենթարկվել 13 անձ, որոնք տարբեր հանցանքների մեղադրանքով հետախուզվում էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից։
Ամփոփելով նշենք, որ ՔՈԳՎ ծառայողները մշտապես ներգրավվել են օպերատիվ և օպերատիվ-քննչական խմբերի կազմում, գործուղվել ոստիկանության մարզային վարչություններ և տարածքային բաժիններ` վերջիններիս ցուցաբերելով գործնական և մեթոդական օգնություն, ինչպես և համակարգելով համագործակցությունը ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ՝ հանցավորությանը արդյունավետ հակազդելու համար։