Վարկային կազմակերպության Իջևանում գործող մասնաճյուղում կատարված ավազակությունը ոստիկանները բացահայտել են
Օգոստոսի լույս 4-ի գիշերը ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնի ոստիկաններից մեկը Իջևանի բաժին հայտնել է, որ Իջևանի Երևանյան փողոցում գործող վարկային կազմակերպություններից մեկի ահազանգման համակարգը միացել է։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունից և Իջևանի բաժնից օպերատիվ խմբեր մեկնեցին վարկային կազմակերպություն։ Պարզվեց հետևյալը․ վարկային կազմակերպության մասնաճյուղ մտած տղամարդը նռնակի նմանվող առարկայով սպառնացել էր ու փող պահանջել։ Այդ ընթացքում աշխատակիցը սեղմել էր ահազանգման ստնյակը, տղամարդն էլ փախել էր՝ պահանջած փողը չստանալով։ Դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ հարուցվեց՝ ավազակության հատկանիշներով։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Իջևանի բաժնի, ինչպես և տարածքային քննչական մարմնի ծառայողները հանցագործության բացահայտման նպատակով ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու իրականացրին քննչական գործողություններ։ Բացահայտման միջոցառումներին միացան Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։ Համատեղ աշխատանքի շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին վարկային կազմակերպության մասնաճյուղ մտած անձի ինքնության վերաբերյալ։ Քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտում հայտնված անձը 31 տարեկան էր, Իջևանի Բլբուլյան փողոցի բնակիչ։ Նա դեպքի հաջորդ օրը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Իջևանի բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։ 31-ամյա տղամարդը խոստովանական ցուցմունք տվեց։ Բացի այդ, իրավապահներին ներկայացրեց ավազակության ժամանակ հագած տաբատն ու վերնաշապիկը՝ հայտնելով, որ ձեռնոցները, դիմակն ու խաղալիք նռնակը գցել է Աղստև գետը։ Հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվել են խուզարկություններ, քննչական փորձարարություն, դատավարական այլ գործողություններ։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: