Ուսումնական տարվա մեկնարկը տրված է․ Ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության
Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրը, յուրահատուկ մթնոլորտ էր հանրապետության բոլոր դպրոցներում։ Հնչեց առաջին զանգը՝ ազդարարելով նոր ուսումնական տարվա մեկնարկը։
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս դպրոցների բակերում գիտելիքի ճանապարհը բռնած աշակերտների ու նրանց ծնողների կողքին էին ոստիկանները՝ անվտանգ և խաղաղ միջավայր, ինչպես նաև օրվա տոնական մթնոլորտն անխոչընդոտ ապահովելու նպատակով։
Ուսումնական տարվա մեկնարկին զուգընթաց մեկարկել է նաև Ոստիկանության «Զգուշացե՛ք, երեխաներ են» ուժեղացված ծառայությունը։ Ավանդույթի համաձայն, ինչպես ամեն տարի, այս տարի ևս ոստիկանությունը լրջորեն նախապատրաստվել է ուսումնական տարվա մեկնարկին՝ նախապես որոշելով, թե որ ուսումնական հաստատության շրջակայքում որ ստորաբաժանումներն են ծառայություն իրականացնելու:
Պարեկային ծառայության կարգախմբերը և Համայնքային ոստիկանության ծառայողները մայրաքաղաքում ու մարզերում դպրոցների բակերում և մերձակա տարածքներում հետևել են երթևեկության անվտանգության ապահովմանն ու հասարակական կարգի պահպանմանը։
Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 1-12-ը ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում անցկացնելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» կարգախոսով միջոցառումներ։ Հանրապետության հանրակրթական դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է․ տարրական դասարանների երեխաներին ուղեկցել դպրոց և չթողնել առանց հսկողության, տրանսպորտային միջոցները չտրամադրել անչափահասներին, երթևեկելիս լինել խիստ ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, մեքենաները չկայանել արգելված գոտիներում։
ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում ցուցաբերել օրինահարգ վարքագիծ, պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու հասարակական կարգը։