Կոռուպցիոն բնույթի ապօրինություններ Շատվան գյուղի դպրոցում․ Վարդենիսի ոստիկանների բացահայտումը
Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի դպրոցի տնօրենը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, տարբեր տարիների աշխատանքի է հրամանագրել անձանց, որոնք ժամանակ առ ժամանակ աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ դուրս են գրվել ու հափշտակվել աշխատավարձի գումարներ։ Նախապատրաստված նյութերի ընթացքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ դպրոցի տնօրենը երեք կանանց հրամանագրել է որպես գրադարանավար, պահակ ու հավաքարար, իսկ երկու տղամարդու՝ դասարաններում տեղադրված վառարանները վառող, որոնք 2004-ից 2020 թվականներին տարբեր ժամանակահատվածներում աշխատանքի չեն ներկայացել։ Աշխատանքային տեղեկագրերում ներառվել են կեղծ տեղեկություններ և նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձի գումարներ։ Ապօրինությունների հետևանքով, ըստ նախնական տվյալների, վատնման եղանակով հափշտակվել է 3 միլիոն 130 հազար դրամից ավելի գումար։ Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է տարածքային քննչական մարմնին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: