2020 թվականի ոստիկանության լավագույն բաժինը
Հանցավորության դեմ պայքարի գործում ոստիկանության տարածքային ստորաբաժանումներն առաջնագծում են։ Լինի քրեական հանցագործություն, թե վարչական իրավախատում, քաղաքացին առաջինը տարածքային բաժին է զանգում։ Եվ հաշված րոպեներ հետո շտապօգնության բրիգադի նման օպերատիվ խումբը պարտավոր է դեպքի վայրում լինել։ Ոստիկանության Շենգավիթի բաժինը հենց այդպիսի ստորաբաժանում է, որը 2020 թվականին ոստիկանության հատուկ հանձնաժողովի կողմից լավագույնը ճանաչվեց։
Պատերազմն ամենածանր հանցագործությունն է, որից մարդկությունը իր գոյության պատմության ընթացքում ձերբազատվել չի կարողանում։ 44-օրյա պատերազմին ոստիկանության մյուս ստորաբաժանումների պես զինվորագրվեցին նաև Շենգավիթի բաժնի ոստիկանները՝ մասնակցելով Քարվաճառի պաշտպանական մարտերին։ Եվ այս ամենով հանդերձ՝ բաժնի ծառայողները լավագույնս դրսևորվեցին նաև գործառութային պարտականությունները կատարելիս։
2020 թվականին ոստիկանության Շենագվիթի բաժնի ծառայողները բացահայտել են 988 դեպք, որից 11-ը առանձնապես ծանր հանցագործություններ են: Հիշյալ դեպքերից ողբերգականը թերևս 81-ամյա կնոջ սպանությունն էր։ Նոյեմբերի 13-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի բնակարաններից մեկում տարեց տանտիրուհուն մահացած գտան։ 81-ամյա կինը մահացել էր մարմնական վնասվածքների հետևանքով։ Շենգավիթի քրեական հետախույզները բազմաբնույթ միջոցառումներ ձեռնարկելով՝ փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ տարեց կնոջը մահվան ելքով մարմնական վնասվածք է պատճառել որդին։ 43-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին և ձերբակալվեց։
Հիշվող հանցադրվագներից էր նաև օգոստոսի 7-ին Չեխովի փողոցում կատարված դեպքը։ Բնակարանից գողացել էին չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել էր փող, ոսկեղեն ու ատրճանակ, իսկ բակից՝ տուժողի մեքենան, որը հաջորդ օրը Շենգավիթի քրեական հետախույզներն Առինջ գյուղում այրված հայտնաբերեցին։ Քրեական հետախույզների մանրակրկիտ օպերատիվ աշխատանքի շնորհիվ ամիսներ անց պարզվեց, որ հանցագործությունը կատարել են տուժողի երկու հարևանները՝ իրենց ընկերոջ հետ։ Կասկածյալները պատասխանատվության ենթարկվեցին։
Ոստիկանության Շենգավիթի բաժնում ստորաբաժանման ղեկավարի կողմից պարբերաբար աշխատանքային խորհրդակցություններ են անցակացվում։ Մեծ ուշադրություն է դարձվում կատարողական կարգապահությանը։ Մանրամասն վերլուծվում են բաժանմունքների ծառայությունը, քննարկվում առկա խնդիրները, ընդգծվում բացթողումներն ու ձեռքբերումները։
«2020 թվականը, ինչպես ողջ համակարգի, այնպես էլ ոստիկանության Շենգավիթի բաժնի համար ծանրաբեռնված տարի էր։ Հանցավորության դեմ պայքարից բացի անձնակազմը ներգարվված էր համավարակի տարածումը կանխելու նպատակով իրականացվող միջոցառումներին, իսկ 44 օրյա պատերազմի ժամանակ ծառայողները մասնակցեցին նաև մարտական գործողություններին։ Նշված փորձությունները ոչ միայն պատվով հաղթահարեցինք, այլև բարձր ցուցանիշների շնորհիվ բաժինը ճանաչվեց տարվա լավագույն ստորաբաժանում»,-ասում է բաժնի պետ Կարեն Բունիաթյանը։
Քրեական հետախուզության բաժանմունքը համարվում է բաժնի սիրտը։ Եվ եթե ստորաբաժանումը լավագույնն է ճանաչվել, նշանակում է իրենց աշխատանքում լավագույնս են դրսևորվել նախևառաջ քրեական հետախույզները։ Վկաների, դիակի, հանցագործության հետքերի, առարկաների, նաև իրեղեն ապացույց հանդիսացող փաստաթղթերի հայտնաբերումը նրանց գործառութային պարտականությունն է։
Դժվար է պատկերացնել բաժնի աշխատանքն առանց հետաքննության բաժանմունքի։ Նյութերի նախապատրաստման ընթացքում առաջ քաշված վարկածները ստուգելու, ձեռք բերված տեղեկությունների և փաստերի էությունն ու փոխադարձ կապը քննելու գործում հետաքննության բաժանմունքի ծառայությունն առանցքային նշանակություն ունի։ 2020 թվականին հետաքննության բաժանմունքում 703 նյութով հարուցվել են քրեական գործեր, որոնք ուղարկվել են նախաքննության մարմին։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքը սպասարկում է 163 000 բնակչի։ Ինչպես հանցագործությունների նախականխման, կանխման ու բացահայտման, այնպես էլ սպասարկվող վարչական տարածքում պատշաճ հասարակական կարգի ապահովման նպատակով համայնքային ոստիկանները համագործակցում են բնակիչների հետ։
2020 թվականին ծառայության մեջ իրենց լավագույնս են դրսևորել նաև անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները։ Բաժանմունքի աշխատակիցները համապատասխան միջոցառումներ են ձեռնարկել անչափահասների շրջանում՝ իրավախախտումների նախականխման, հանցագործությունների բացահայտման, ըստ բնակության վայրերի պրոֆիլակտիկ աշխատանքներ կազմակերպելու ուղղությամբ։ Այս համատեքստում դպրոցական տեսուչներն աշակերտների հետ զրուցել են ճանապահային երթևեկության կանոններից, խոսել համակարգչային խաղերից կախվածության վնասակար հետևանքների մասին, այլ բացասական երևույթներից, որոնցից դպրոցականները պետք է զերծ մնան։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ստորաբաժանումներից է նաև Չարբախի բաժանմունքը, որի ծառայողները սպասարկում են Աերացիա, Վերին և Ներքին Չարբախ թաղամասերը. բնակչության թիվը մոտ 32 հազար է։
«Ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի ծառայողները տիրապետում են սպասարկվող տարածքի օպերատիվ իրավիճակին։ 2020 թվականին բաժանմունքը բացահայտել է 132 դեպք, հայտնաբերել 8 հետախուզվողի։ Բաժանմունքի ծառայողները նաև ակտիվ մասնակցություն են ունեցել հասարակական կարգի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքներում»,-ասում է բաժանմունքի պետ Արման Կիրակոսյանը:
Առջևում աշխատանքային ծանր առօրյա է։ Հաջողություն, անվտանգ ծառայություն ու նորանոր ձեռքբերումներ մաղթենք 2020 թվականի լավագույն ստորաբաժանման ծառայողներին։