Հայրենիքի սահմանը ոստիկանի համար սխրանքի, հայրենասիրության և անձնազոհության տարածք է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
80-ականների վերջ-90-ականների սկիզբ. ժամանակները հերոսական ու բուռն էին, եւ ազգային գաղափարներով տոգորված, հաճախ զգացմունքներով առաջնորդվող հայորդիների կողքին կանգնելու, նրանց անվտանգությունն ապահովելու գործը դրված էր միլիցիայի, մասնավորապես՝ սահմանամերձ շրջանների միլբաժինների վրա: Ծառայողական պարտականություններին զուգահեռ՝ միլիցիայի աշխատակիցները դառնում էին սահմանապահ մարտիկներ...
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը դարձել էին կրակի թիրախ՝ Ոսկեպար, Կիրանց Վազաշեն, Սարիգյուղ...
Սահմանը սխրանքի, հայրենասիրության, անձնազոհության տարածք էր, եւ տավուշցի ոստիկանները նաեւ զինվոր էին...
Թանկ ու անդառնալի կորուստներ կրեցին. Ոսկեպարում միլիցիայի քսան աշխատակիցներ ընկան դավադիր ծուղակը. 11-ը զոհվեցին, մյուսները գերեվարվեցին ու իրենց վրա զգացին ադրբեջանական բանտերի դժոխքը...
Այն հերոսական տարիներին սահման պահող զինվոր դարձածներից շատերն այսօր շարունակում են ծառայությունը ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ու ենթակա ստորաբաժանումներում: Նրանց հետ հանդիպեցինք ոստիկանության Իջեւանի բաժնում: Բակում կանգնեցված «Իրավակարգի զինվորին» հուշակոթողին ծաղիկներ դրեցին ու մեզ ուղեկցեցին սահման... Թավշյա կանաչի, այգիների ու վարդերի մեջ կորած տարածքն այսօր անցյալից ոչինչ չի հիշեցնում. հեռվում սահմանամերձ գյուղերն են, մի քանի հարյուր մետր այն կողմ՝ սահմանն է...
Գեղեցիկ, շռայլ բնությունը, շուրջը տիրող անդորրը, որ խախտվում է միայն թռչունների երգից, անհարիր է մեր ուղեկիցների պատմություններին: Իսկ նրանք, որ մանրամասն՝ միլիմետր առ միլիմետր գիտեն եւ միլիմետր առ միլիմետր սիրում են այս տարածքն ու միշտ պատրաստ են այն պաշտպանել, հիշում են. «Քնել չկար միլիցիայի աշխատակիցներիս. ցերեկը հասարակական կարգ էինք պահպանում, հանցագործություն բացահայտում ու կանխում, իսկ գիշերը սահմանում էինք...»:
Հայրենիքը փորձության մեջ էր, հայրենիքը մեր անձնազոհ զավակների կարիքն ուներ՝ ուժեղ, պինդ, անվախ, կրակն իրենց վրա վերցնելու պատրաստ զավակների:
«Երբեք մեր մտքով չի անցել, որ հերոսություն ենք անում՝ մեր սահմանները, մեր գյուղերը պաշտպանելով: Բա ի՞նչ պետք է անեինք, հո ուրիշի հայրենիքի համար չէի՞նք կռվում: Պատերազմն իսկապես ահավոր բան է, բայց երբ վտանգի մեջ է տունդ, հայրենիքդ՝ վայրկյան անգամ չես մտածում վախի, մահվան մասին. գիտակցումը մեկն է՝ հայրենիքի առաջ ունեցած պարտքդ պետք է կատարես»:
Պատմում են, հիշում, մտովի տեղափոխվում անցյալ...
«Մի անգամ մեր «Վիլիսը» գնդակոծության տակ ընկավ: Մեքենայի վրա անվնաս տեղ չէր մնացել, գնդակներից ծակծկվել էր: Ե՛վ փորձում էինք շրջափակումից դուրս գալ, ե՛ւ պատասխան կրակ տեղալ հակառակորդի վրա...»,- հիշում է Արա Ադամյանը:
Գագիկ Դալլաքյան, Արամ Խաչատրյան, Արարատ Օհանյան, Գեորգի Միրզոյան, Սամվել Ավետիսյան, Արմեն Բադիրյան, Թաթուլ Ենգիբարյան, Լեւոն Եսայան, Կարեն Մատինյան, Սերյոժա Ղալթախչյան, Աշոտ Մելիքսեթյան, Դերենիկ Գրիգորյան եւ ուրիշներ... Այս տղաներից ոչ մեկն իր արարքը հերոսություն չի համարում. «Սարեր չենք շրջել, մեր ծառայությունն ենք կատարել: Ա՛յ, սարսափելին մարտադաշտում ընկեր կորցնելն է. դա մեծագույն ցավ է: Դրանից հետո ավելի էինք վրեժով լցվում...»:
Այսպիսին են նրանք՝ ոստիկանները, իսկ երբ հարկ լինի՝ հայրենիքի սահմանները պաշտպանողները, հայրենի հողն ամուր պահողները:
Հրաժեշտ ենք տալիս ոստիկանության սահմանապահ Տավուշի մարզի ծառայողներին. նրանք անցել են բոլոր փորձություններով, դժվարություններով, պատերազմի ծանրություն ու ընկերոջ կորստի ցավ են տարել՝ վերստին փաստելով՝ մեր ժողովուրդը ամենածանր փորձություններից պատվով դուրս գալու դարավոր փորձ ունի...
Հասմիկ ՊՈԴՈՍՅԱՆ