Լուսանկարները չհրապարակելու պահանջով փող էր պահանջել․ Կենտրոնականի համայնքային ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 20-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տված 22-ամյա երիտասարդը հայտնել էր, որ նախորդ օրը ժամը 23-ի սահմաններում բջջային հեռախոսը թողել է կինոթատրոնում, քիչ անց վերադարձել ու նկատել է, որ այն չկա։ Ժամեր անց իր հետ կապ հաստատած անծանոթը հեռախոսը վերադարձնելու և դրանում եղած լուսանկարները չհրապարակելու համար գումար է պահանջել։
Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված արարքը կատարել է Տավուշի մարզի 46-ամյա բնակիչը։ Նա օգոստոսի 23-ին Հանրապետության հրապարակում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Կենտրոնական բաժին։
46-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: