Համացանցի միջոցով սինթետիկ թմրանյութ ձեռք բերած գյումրեցին ձերբակալվեց

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրու 54-ամյա մի բնակիչ ապօրինի կերպով ձեռք է բերում և պահում թմրամիջոց։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ օգոստոսի 2-ին, նա Գյումրու Սավոյան փողոցում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ՝ կպչուն ժապավենով։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է, որը ձեռք է բերել համացանցի միջոցով։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցի ձեռքբերման հանգամանքները պարզելու ուղղությամբ։
54-ամյա գյումրեցին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: