Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունիսի 2-ին արտերկրի մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Հայաստանից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ հարսը այլ երկրի քաղաքացի է, շուրջ 4 տարի օրինական կարգով բնակվում է Հայաստանում և ցանկանում է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Նրան հետաքրքրում է, թե կարո՞ղ է այդ հարցով դիմել լիազորված անձի միջոցով, իրավասու ո՞ր մարմնին պետք է դիմել և արդյո՞ք Հայաստանի քաղաքացիություն ստանալու դեպքում պետք է հրաժարվի այլ երկրի քաղաքացիությունից:
Նրան պարզաբանվել է, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, մեր երկրում գտնվելու դեպքում, անհրաժեշտ է անձամբ դիմել անձնագրային և վիզաների վարչություն՝ ներկայացնելով օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը: Հասցեն՝ ք. Երևան, Դավիթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10: Հայաստանի քաղաքացիություն ստանալիս չի պահանջվում հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից, քանի որ Սահմանադրությամբ և օրենքներով արգելված չէ երկքաղաքացիությունը: Այսինքն, ՀՀ քաղաքացին կարող է ՀՀ քաղաքացիությունից բացի ունենալ այլ երկրի կամ երկրների քաղաքացիություն:
ՌԴ-ում բնակվող քաղաքացին հայտնել է, որ հանդիսացել է նախկին ՀԽՍՀ քաղաքացի, ազգությամբ հայ է, 1993 թվականից մեկնել է բնակության Ռուսաստան, սակայն չի ստացել ՌԴ քաղաքացիություն: Ցանկանում էր տեղեկանալ, թե ինքը համարվո՞ւմ է Հայաստանի քաղաքացի և կարո՞ղ է ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ: Պարզաբանվել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ուժով նա համարվում է Հայաստանի քաղաքացի: Անհրաժեշտ է դիմել Հայաստանի հյուպատոսական ծառայություն՝ ՀՀ քաղաքացի ճանաչվելու հիմքով անձնագրավորվելու համար՝ ներկայացնելով ՌԴ իրավասու մարմնի կողմից տրված հավաստում, որ ձեռք չի բերել ՌԴ քաղաքացիություն:
Հայաստանից զանգահարած մի քաղաքացուհի էլ տեղեկացրել է, որ ամուսինը գտնվում է օտարերկրյա պետությունում, Հայաստանի քաղաքացի չի համարվում, ունի այլ երկրի քաղաքացիություն, ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ունի նաև հաշվառում: Կարո՞ղ է լիազորված անձի միջոցով դիմել բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից դուրս գրվելու համար: Նրան պարզաբանվել է, որ եթե անձը չի համարվում Հայաստանի քաղաքացի, ապա Հայաստանից մշտական բնակության մեկնելու դեպքում իր դիմումի համաձայն կարող է հանվել հաշվառումից: Նշված գործողությունը կարող է իրականացվել նաև լիազորված անձի դիմումի հիման վրա՝ լիազորությունը հավաստող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում: Այլապես, եթե անձը համարվում է Հայաստանի քաղաքացի՝ իր դիմումի համաձայն չի կարող հանվել հաշվառումից, այլ պետք է դիմի հասցեափոխության հիմքով ըստ բնակության վայրի հաշվառվելու համար: Իսկ եթե բնակվում է օտարերկրյա պետությունում, ապա հաշվառվում է օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հունիսի 9-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: