Skype-ի միջոցով ոստիկանություն դիմած արտերկրի մեր հայրենակիցների հարցերը տարաբնույթ էին. դրանց տրվեցին սպառիչ պատասխաններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փետրվարի 10-ին արտերկրի մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ, թե կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու համար արդյո՞ք անհրաժեշտ է ստանալ նաև նույնականացման քարտ: Նրան պարզաբանվել է, որ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում նույնականացման քարտ չի տրամադրվում, այդ փաստաթուղթն օգտագործվում է որպես անձը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ միայն Հայաստանում:
Օտարերկյա պետությունում գտնվող մեկ այլ քաղաքացու հետաքրքրում էր ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու մերժման հիմքերի վերաբերյալ օրենսդրությունը: Նրան պարզաբանվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե`
1) նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում,
2) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ,
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից նրա դուրս գալը հակասում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին,
4) նա ունի պետության հանդեպ չկատարված պարտավորություններ,
5) այլ երկրի քաղաքացիություն չունենալու դեպքում մինչև ՀՀ Նախագահի կողմից հրամանագրի ստորագրումը չի ներկայացրել այլ պետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ կամ այլ պետության քաղաքացիություն ստանալու հնարավորության վերաբերյալ գրավոր հավաստում:
Օտարերկրյա պետությունում գտնվող մեկ այլ քաղաքացի էլ տեղեկացրել է, որ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը ստացել է դիվանագիտական ծառայությունից, որում բացակայում է օտարերկրյա պետությունում վավերականության նշումը: Քաղաքացուն հետաքրքրում է, թե արդյո՞ք կարող է ճամփորդել առանց նշված կնիքի: Պարզաբանվել է գործող կարգը, համաձայն որի՝ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրում չեն դրվում օտարերկրյա պետությունում վավերականության նշումներ, քանի որ անձնագիրն օտարերկրյա պետությունում վավերական է առանց տվյալ նշումը կատարելու:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա փետրվարի 17-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 10-ից 12-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: