Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հոկտեմբերի 11-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանին:
Մի քաղաքացի հարցում էր ուղարկել և խնդրել պարզաբանել, թե բիոմետրիկ անձնագիր ստանալու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և որքա՞ն է կազմում պետական տուրքը:
Պարզաբանվել է, որ 16 տարին լրացած անձը կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու համար պետք է ներկայացնի նույնականացման քարտ, իսկ եթե դեռ չի ստացել այն, ապա երկու փաստաթղթերի դիմումներն ընդունվում են միաժամանակ: Նույնականացման քարտ ստանալու համար սահմանված է պետական տուրք 3.000, իսկ կենսաչափական անձնագրի համար՝ 25.000 դրամի չափով:
Ռուսաստանից զանգահարած քաղաքացին հայտնել է, որ երեխան 14 տարեկան է, ծնվել է Հայաստանում, ունեն բուժհիմնարկից տրված՝ ծննդյան փաստը հաստատող փաստաթուղթ, սակայն առանց ծննդյան վկայական ստանալու տեղափոխվել են Ռուսաստան: Ներկայումս ցանկանում են երեխայի համար ստանալ անձնագիր, սակայն ծննդյան վկայականի բացակայության պատճառով չեն կարող այն ստանալ: Քաղաքացին խնդրում էր աջակցել, որևէ ուղղություն ցույց տալ իրեն՝ հարցին իրավական լուծում տալու համար:
Թեև ոստիկանությունը ծննդյան վկայական տրամադրող իրավասու մարմին չէ, այնուամենայնիվ ոստիկանության ներկայացուցիչը կապ է հաստատել քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության հետ, որտեղից պատրաստակամություն են հայտնել աջակցել քաղաքացուն՝ առաջարկելով որպեսզի նա ներկայանա Հայաստանում գտնվող հյուպատոսական ծառայություն և նշված ծառայության հետ հարցին տրվի լուծում:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: