Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 13-ին ոստիկանությունում կայացավ skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ և զանգահարողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանին:
Զանգահարել է ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացին և հայտնել է, որ ցանկանում է ժամանել հայրենիք : Նրան հետաքրքրում էր, թե ինչ ժամկետով կարող է գտնվել Հայաստանում և երկարաժամկետ բնակվելու դեպքում ինչ փաստաթուղթ է անհրաժեշտ:
Մեր հայրենակցին տեղեկացվել է, որ առանց կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ ստանալու նա կարող է Հայաստանում գտնվել մեկ տարվա ընթացքում 180 օր: Նշվածից ավել ժամկետով բնակվելու նպատակով կարող է դիմել անձնագրային և վիզաների վարչություն՝ կացության կարգավիճակ ստանալու:
Քաղաքացուն նաև տեղեկացվել է, որ ազգությամբ հայ լինելու հանգամանքն արդեն իսկ բավարար է կացության կարգավիճակ ստանալու դիմում ներկայացնելու համար: Հայաստանից զանգահարած քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ, թե Լյուքսեմբուրգից Հայաստան ժամանելու համար արդյո՞ք անհրաժեշտ է ստանալ մուտքի վիզա:
Զանգահարողին տեղեկացվել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 1255-Ն որոշման համաձայն՝ Լյուքսեմբուրգի, այդ թվում և մի շարք պետությունների քաղաքացիների համար 2013 թվականի հունվարի 10-ից սահմանվել է Հայաստան առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Նրանք առանց կացության կարգավիճակի Հայաստանում կարող են գտնվել մեկ տարվա ընթացքում 180 օր ժամկետով:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: