Skype-ի միջոցով ոստիկանություն դիմած արտերկրի մեր հայրենակիցների հարցերը տարաբնույթ էին. դրանց տրվեցին սպառիչ պատասխաններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դեկտեմբերի 16-ին արտերկրի մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
ՀՀ-ում գտնվող քաղաքացին հայտնել է, որ կինը օտարերկրյա պետության քաղաքացի է և խնդրել է տեղեկացնել, թե ՀՀ-ում օրինական բնակվելու համար ինչ գործողություններ են անհրաժեշտ կատարել: Տեղեկացվել է, որ այն պետությունների համար, որոնց քաղաքացիները ՀՀ կարող են մուտք գործել առանց վիզայի՝ մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում գտնվելու առավելագույն ժամկետը 180 օր է, իսկ եթե քաղաքացին ցանկանում է 180 օրից ավելի ժամկետով բնակվել ՀՀ-ում, ապա պետք է դիմի Անձնագրային և վիզաների վարչություն՝ կացության կարգավիճակ ստանալու համար:
Զանգահարել է օտարերկրյա պետությունում գտնվող ՀՀ քաղաքացին և հայտնել, որ անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, սակայն շտապ ցանկանում է վերադառնալ հայրենիք: Պարզաբանվել է, որ քաղաքացին կարող է Հայաստան վերադառնալ նաև վերադարձի վկայականով: Այն ստանալու համար անհրաժեշտ է դիմել օտարերկրյա պետությունում գտնվող դիվանագիտական ծառայություն:
Օտարերկրյա պետությունում գտնվող մեկ այլ ՀՀ քաղաքացի հայտնել է, որ անձնագրի վավերականության ժամկետը 2012 թվականին լրացել է, սակայն երբևէ այն չի երկարաձգել:
Նրան բացատրվել է, որ համաձայն գործող կարգի՝ եթե անձնագրի վավերականության ժամկետը երբևէ չի երկարաձգվել, ապա կարող է մեկ անգամ երկարաձգվել 5 տարով:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 10-ից 12-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: