Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 17-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:
Օտարերկրյա պետությունից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ ինքը երկքաղաքացի է, այլ պետության քաղաքացիությունից բացի, ունի նաև Հայաստանի քաղաքացիություն: Ներկայումս Հայաստանում չի բնակվում, սակայն Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալիս, քանի որ եղել է Հայաստանի բնակիչ, բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել է հայաստանյան բնակության վայրի հասցեով: Զանգահարողին հետաքրքրում էր, թե հնարավո՞ր է արդյոք դուրս գալ հաշվառումից: Նրան պարզաբանվել է, որ երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի քաղաքացի: Այլ է խնդիրը օտարերկրյա քաղաքացիների համար, ովքեր Հայաստանից մեկնելու դեպքում կարող են դիմել անձնագրային ծառայություն և դուրս գրվել հաշվառումից, իսկ Հայաստանի քաղաքացին օտարերկյա պետություն բնակության մեկնելիս չի կարող ուղղակիորեն դուրս գրվել հաշվառումից և բնակչության պետական ռեգիստրում չունենալ հաշվառում: Նա կարող է դիմել օտարերկյա պետությունում գտնվող Հայաստանի դիվանագիտական ծառայություն, տրամադրել իր բնակության վայրի հասցեն և սահմանված կարգով տեղեկությունը կփոխանցվի անձնագրային և վիզաների վարչություն: Արդյունքում՝ անձը բնակչության պետական ռեգիստրում կհաշվառվի օտարերկյա պետության բնակության վայրի հասցեով՝ հանվելով Հայաստանի հաշվառումից:
Օտարերկրյա պետությունից զանգահարած մեկ այլ քաղաքացի ցանկանում էր տեղեկանալ, թե երեխայի հին նմուշի անձնագիր ստանալու համար մյուս ծնողի ներկայությունը կամ գրավոր համաձայնությունը պարտադի՞ր է, եթե երկու ծնողները երեխայի ծնվելու պահին Հայաստանի քաղաքացիներ են: Նրան պարզաբանվել է, որ Հայաստանում անձնագրային ծառայություն դիմելիս մյուս ծնողի ներկայությունը կամ համաձայնությունը չի պահանջվում, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ օտարերկյա պետության դիվանագիտական ծառայություն դիմելիս դիմում ներկայացնող ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը ներկայացնում է նաև բացակա ծնողի գրավոր համաձայնությունը, որի վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ մյուս ծնողը գտնվում է հետախուզման մեջ, օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած կամ անգործունակ, զրկվել է ծնողական իրավունքից կամ մահացած է, ինչպես նաև՝ միայնակ մոր դեպքում:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա նոյեմբերի 24-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: