Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հոկտեմբերի 20-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Հայաստանից զանգահարած քաղաքացուհին հայտնել է, որ երեխան 8 տարեկան է, ծնվել է Իսպանիայում: Ինքը միայնակ մայր է և ցանկանում է տեղեկանալ, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որպեսզի երեխայի համար Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանա: Կնոջը պարզաբանվել է, որ եթե երեխայի ծնվելու պահին ծնողները, իսկ միայնակ մոր դեպքում՝ մայրը, Հայաստանի քաղաքացիներ են, ապա երեխան օրենքի ուժով ծնվելու պահից ձեռք է բերում Հայաստանի քաղաքացիություն՝ անկախ ծնվելու վայրից: Նշված դեպքում երեխայի մայրն իր անձը հավաստող փաստաթղթով պետք է դիմի անձնագրային ծառայություն՝ ներկայացնելով ծննդյան վկայականի հայերեն թարգմանությունը՝ նոտարով հաստատված և 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար: Իսկ եթե երեխայի համար ծնողը ցանկանում է ստանալ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր, ապա լուսանկար ներկայացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ լուսանկարահանումն արվում է տեղում: Երեխային հին նմուշի անձնագիր տրամադրվում է 5-րդ աշխատանքային օրը, իսկ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր՝ 15-րդ աշխատանքային օրը:
Ուկրաինայից զանգահարած քաղաքացին հայտնել է, որ այդ երկիր տեղափոխվելուց հետո երեխա ունենալու պատճառով չի կարող վերադառնալ Հայաստան: Դիմել է Ուկրաինայի իրավասու մարմիններին՝ երեխային ծննդյան վկայական հատկացնելու, սակայն մերժում է ստացել, քանի որ չունի օրինական բնակությունը հիմնավորող՝ կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ: Նրան պարզաբանվել է «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջները, համաձայն որի հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, տեղեկություն ստանալով հյուպատոսական տարածաշրջանում որևէ անձի ծննդյան մասին, կատարում է ծննդյան գրանցում` համաձայն Հայաստանի օրենսդրության: Այսինքն, Հայաստանի քաղաքացիների իրավունքների իրացման համար օտարերկյա պետությունում ստեղծված է հնարավորություն, որպեսզի նրանք կարողանան Հայաստանի օրենսդրության համաձայն ստանալ ծննդյան վկայական Հայաստանի դիվանագիտական ծառայությունից: Այնուհետև, նույն ծառայության միջոցով դիմեն անձնագիր ստանալու:
Ռուսաստանից զանգահարած քաղաքացին հայտնել է, որ մտադիր է այցելել Հայաստան՝ ծնողներին տեսակցության և ցանկանում է տեղեկանալ՝ եթե Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի, ապա այցելության ժամանակահատվածը կարող է պլանավորել այնպես, որպեսզի կարողանա նաև մասնակցել քվեարկությանը: Զանգահարողին նաև հետաքրքրում էր, թե ինչպես կարող է ծանոթանալ քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակին, որպեսզի համոզվի ցուցակում իր տվյալների առկայության մասին, ինչպես նաև, թե որ տեղամասում է քվեարկելու: Քաղաքացուն նախ պարզաբանվել է, որ ինքը բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ոչ թե օտարերկյա պետության, այլ հայաստանյան հասցեով: Նաև տեղեկացվել է, որ սահմանված ժամանակացույցի համաձայն՝ ոստիկանությունը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 40 օր առաջ, այսինքն մինչև 2015 թ. հոկտեմբերի 27-ը, նախնական ցուցակները տրամադրելու է տեղամասային կենտրոններին, որպեսզի դրանք փակցվեն տեղամասերում:
Բացի այդ, ոստիկանությունն իր պաշտոնական կայքում նշված օրը կտեղադրի նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները՝ ըստ հանրաքվեի տեղամասերի ներբեռնելու հնարավորությամբ, որը և հնարավորություն կընձեռի ցուցականերում իրենց կամ այլ անձանց տվյալների առկայությունը ստուգել նաև առանց տեղամաս ներկայանալու, նույնիսկ օտարերկյա պետությունից: Ցուցակները առկա կլինեն նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում՝ որոնման հնարավորությամբ:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: