Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 22-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով հերթական անգամ իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանին:
Զանգահարել է Հայաստանում բնակվող անձը և հայտնել, որ ինքը Ուզբեկստանի քաղաքացի է, 2000 թվականից բնակվում է Հայաստանում, անձնագրի վավերականության ժամկետը լրացել է 2004 թվականին և ցանկանում է տեղեկանալ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու ընթացակարգին:
Քաղաքացին նաև հայտնել է, որ Հայաստանում չկա Ուզբեկստանի դիվանագիտական ծառայություն, ուստի պետք է Մոսկվայում գործող ծառայության միջոցով դիմի նշված պետության վերադարձի վկայական ստանալու համար, այնտեղից ստանա նոր անձնագիր, որպեսզի դրանից հետո ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով դիմի Հայաստանի քաղաքացություն ստանալու նպատակով:
Զանգահարողը տեղեկացրել է նաև, որ ծնվել է Ուզբեկստանում, սակայն ծննդյան վկայականը կորցրել է:
Հաշվի առնելով, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելիս պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկում ներառված է նաև ծննդյան վկայականը՝ զանգահարողին պարզաբանվել է, որ Ուզբեկստան վերադառնալու դեպքում անհրաժեշտ է ստանալ նաև ծննդյան վկայական:
Հիշեցնենք, որ նախորդ հաղորդումներից մեկի ընթացքում զանգահարել էր Մոսկվայում գտնվող Հայաստանի քաղաքացին և տեղեկացրել, որ երեխան 14 տարեկան է, ծնվել է Երևանում, սակայն ժամանակին չեն ստացել ծննդյան վկայական և առանց նշված փաստաթղթի տեղափոխվել են Մոսկվա: Անձնագրավորման նպատակով ծննդյան վկայականի բացակայությունը ներկայումս հանդիսանում է խոչընդոտ:
Կապ էր հաստատվել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության աշխատակցի և Մոսկվայում Հայաստանի հյուպատոսի հետ: Նրանց կողմից պարզաբանվել էր գործող ընթացակարգը, որի հիման վրա քաղաքացուն տրվել էր պարզաբանում:
Այսօր զանգահարել էր քաղաքացին և տեղեկացրել, որ հյուպատոսը անձամբ ընդունել է իրեն և գործին տրվել է ընթացք: Համապատասխան ստուգումների արդյունքում քաղաքացու դիմումը կբավարարվի:
Անհրաժեշտ է նաև ավելացնել, որ մեկ անգամ չէ, երբ Արտաքին գործերի նախարարության, հյուպատոսական ծառայությունների և Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջև ՀՀ ոստիկանության SKYPE ծառայության միջոցով անմիջական կապի արդյունքում քաղաքացիների հարցերին տրվել են լուծումներ, որոնք այլ դեպքերում կարող էին ավելի երկար ժամանակ պահանջել:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա նոյեմբերի 29-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: