Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փետրվարի 23-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:
Օտարերկրյա պետությունից զանգահարած քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք տրամադրելու ընթացակարգի մասին, մասնավորապես, թե որ մարմնին պետք է դիմել: Քաղաքացին տեղեկացրել է նաև, որ փաստաթուղթը ներկայացնելու է օտարերկյա պետության իրավասու մարմնին: Նրան պարզաբանվել է, որ օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքը Հայաստանում տրամադրում է արտաքին գործերի նախարարությունը, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները` ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստացված տեղեկության հիման վրա:
Աբխազիայից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ Հայաստանի քաղաքացի է, անձնագրի վավերականության ժամկետը լրանում է 2019 թվականին, սակայն լրացել է օտարերկրյա պետությունում վավերականության նշման ժամկետը: Նրան հետաքրքրում է, թե հնարավո՞ր է լիազորված անձի միջոցով դիմել Հայաստանի անձնագրային ծառայությանը՝ օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու համար, և եթե այո, ապա լիազորագրով անձնագրային ծառայություն դիմելու դեպքում լրացուցիչ վճար գանձվո՞ւմ է, թե ոչ: Քաղաքացուն պարզաբանվել է, որ այդ գործողությունը կատարելու համար անձը կարող է դիմել անձամբ կամ լիազորված անձի միջոցով՝ ներկայացնելով լիազորությունը հավաստող փաստաթուղթ, իսկ մինչև 35 տարեկան զինապարտները՝ նաև զինվորական գրքույկ կամ զինծառայությունը կամ զինվորական հաշվառումը հավաստող այլ փաստաթուղթ: Ինչ վերաբերում է անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում վճարում կատարելու չափին, ապա որևէ տարբերություն չկա. երկու դեպքում էլ անձնագրային ծառայությունում դիմելու դեպքում պետական տուրքի չափը կազմում է մեկ տարվա համար 1.000 դրամ:
Զանգահարել է Մոսկվայում գտնվող ազգությամբ հայ Ուզբեկստանի քաղաքացին և տեղեկացրել, որ իր երեք երեխաների հետ ցանկանում է մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Նրան հետաքրքրում է, թե Հայաստան մուտք գործելու համար կարո՞ղ է դիմել Հայաստանի դիվանագիտական ծառայություն՝ վերադարձի վկայական ստանալու համար: Քաղաքացուն պարզաբանվել է, որ վերադարձի վկայական տրվում է Հայաստանի քաղաքացիներին, սակայն հաշվի առնելով, որ Ուզբեկստանի քաղաքացիները կարող են Հայաստան մուտք գործել առանց մուտքի վիզայի, ապա նա կարող է նշված երկրի անձնագրով գալ Հայաստան, այնուհետև դիմել անձնագրային և վիզաների վարչություն՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար՝ ներկայացնելով օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա մարտի 1-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: