Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունվարի 26-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:
Նիդերլանդների Թագավորությունից զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ծնվել է Հայաստանում, ծննդյան վկայականում իր ազգանունն այլ է, իսկ Հոլանդիայի կացության իրավունքը հավաստող փաստաթղթում նշվել է մոր ազգանունը և հիմա ցանկանում է ստանալ Հայաստանի քաղաքացու անձնագիր՝ մոր ազգանունով:
Մեր հայրենակցին պարզաբանվել է, որ Հայաստանի քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու համար հիմք են հանդիսանում ծննդյան վկայականում առկա տվյալները, ուստի ազգանվան փոփոխման պահանջով անհրաժեշտ է դիմել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին, այնուհետև դիմումը բավարարվելու և փոփոխված տվյալներով նոր ծննդյան վկայական ստանալուց հետո՝ անձնագրային ծառայություն:
Թուրքիայից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ կորցրել է Հայաստանի քաղաքացու անձնագիրը, իսկ Թուրքիայում ՀՀ դիվանագիտական ծառայության բացակայության պատճառով չի կարող ստանալ վերադարձի վկայական: Քաղաքացուն պարզաբանվել է, որ եթե անձը գտնվում է այնպիսի պետությունում կամ վայրում, որտեղից հնարավոր չէ կամ դժվար է դիմել հյուպատոսական հիմնարկ, վերադարձի վկայականն օրինական ներկայացուցչի (անձի ծնողի, որդեգրողի, խնամակալի կամ հոգաբարձուի) կամ ամուսնու, երեխայի, քրոջ, եղբոր, ինչպես և լիազորված անձի դիմումի հիման վրա, կարող է տրամադրվել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում:
Օտարերկրյա մեկ այլ պետությունից զանգահարած քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ, թե Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումը հնարավո՞ր է արդյոք հանձնել լիազորված անձի միջոցով կամ փոստով: Նրան պարզաբանվել է, որ դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ օտարերկյա պետությունում գտնվելու դեպքում՝ ՀՀ դիվանագիտական ծառայություն, իսկ Հայաստանում գտնվելու դեպքում՝ անձնագրային և վիզաների վարչություն:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա փետրվարի 2-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: